Բարին հաղթում է։ Էսպես է կարգն աշխարհի
Նմանատիպ
Դավիթը բաժանում է «երկնքից ընկած» երեք խնձորները: Վերջինն իրեն է բաժին հանում: Հետո բողոքում է, որ երեքը խնձորը քիչ էր, մեծ եղբորը բաժին չի հասել:
-Ինչի՞ համար էր երկնքից խնձոր ընկել, Դավի՛թ:
-Որովհետև Անահիտն ու Վաչագանը բոլորին հաղթեցին ու գնացին տուն:
-Բոլորին հաղթելը լա՞վ է:
– Եթե կռվում ես ու եթե բարի ես:
Հեքիաթների հիմնական գաղափարը հենց բարու հաղթանակն է չարի հանդեպ: Առօրյայում մեկի անսպասելի լավատես տրամադրվածությանը հաճախ հակադարձում ենք. «Դեռ հեքիաթների ես հավատում»: Հետո խորհուրդ ենք տալիս հանել վարդագույն ակնոցներն ու հիշել, որ կյանքը հեքիաթ չէ:
«Բարին միայն հեքիաթներում է հաղթում: Եթե էդպես չէ, ինչո՞ւ են ջրհեղեղների, երկրաշարժի կամ այսքան մեծ թվով ավտովթարների պատճառով անմեղ մարդիկ մահանում։ Ինչո՞ւ կան պատերազմներ և ինչո՞ւ շատ տարաձայնություններ բարության ու լավի օգտին չեն լուծվում։ Ինչո՞ւ ընդհանրապես գոյություն ունեն պատերազմներ, հիվանդություններ ու այլ սարսափելի փորձություններ»,-իր մտածումներով կիսվում է Սյուզաննան, ով 22 տարեկան է ու այլևս չի հավատում հեքիաթներին։
Սյուզաննան քրիստոնյա է, իր խոսքում ինքն էլ է նշում՝ քրիստոնեությունը բարության կրոն է, Աստված՝ Սեր: Բայց իր այս հարցերի պատասխանները Աստվածաշնչում չի փնտրել, մտածելով, որ չի գտնի:
Հին Կտակարանի Հոբի գրքում հանդիպում ենք մի մարդու, ով բարեպաշտ է և աստվածապաշտ, օգնում է բոլորին, երբեք չի մոռանում Աստծո մասին և փառաբանում է նրան: Սակայն Աստված թույլ է տալիս, որ Հոբն էլ փորձությունների, հիվանդության, կորուստի միջով անցնի, որպեսզի դրանց մեջ երևա նրա խոնարհությունն ու արդարությունը: Նա շարունակ կրկնում էր. «Տերը տվեց և Տերն առավ. Տիրոջ անունը օրհնյալ լինի»: Իսկ երբ հանդիմանում էին, թե ինչու չի հայհոյում Աստծուն անգամ ամեն տեսակ դժբախտության մեջ, Հոբ արդարը հետաքրքիր հարցադրում է անում. «Ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստծուց և չարիքը չընդունե՞նք (Հոբ 2:10): Հոբը գիտի, որ մարդու տառապանքները նպաստում են նրա կատարելագործմանը. «որովհետև Նա խոցում է, և փաթաթում էլ է. Նա զարկում է, և Նրա ձեռքը բժշկում էլ է» (Հոբ 5:18): Հոբը, հաղթահարելով իր փորձություններն ու Աստծուն դրանց մեջ էլ հավատարիմ մնալով, ստացավ նախկինում ունեցածի կրկնապատիկը, ապրեց երկար ու մահացավ ծերացած:
Թումանյանի «Հազարան բլբուլ»-ում արդրադառնալով պատժի ու փորձության գալու պատճառին ու ելքին ասում է. «Բայց թե հե՞ր է էս պատիժը այժմ գալի քեզ վրա, անգետ ու մութ մարդիկ ենք մենք – էդ ղրկողը կիմանա: Մենք է՛ն գիտենք, որ նա, ով որ ցավ է տվել ու աղետ, ստեղծել է ամեն ցավի ճարն ու ճամփեն իրեն հետ»: Եվ Թումանյանը նաև գիտի ամեն խնդրի վերջի ինչպիսին լինելը. «Բայց մի դեպքով, մի հնարքով վերջն եղել է միշտ բարի,միշտ բարին է վերջը հաղթում – էսպես է կարգն աշխարհի»: Սա մինչ այս պատմված աստվածաշնչյան պատմության կարծես նույնությամբ արտահայտումը, վերաձևակերպումը լինի:
Կարդալով բարու անխուսափելի հաղթանակի մասին հոգևոր և աշխարհիկ աղբյուրներում՝ սկսում ես մտածել՝ արդյոք պետք է միայն բարի՞ք ակնկալել, մերժել չարը և չպայքարել, ու այդպիսով էլ պարտվել չարին: Եվ արդյո՞ք բարությունը ինքնին հաղթանակ չէ:
Դավիթը երկար-բարակ հեքիաթ է պատմում, կեսից ընդհատում է.
-Մինչև բարին չհաղթի, խնձոր չենք ուտելու:
Վիկտորյա Մարկոսյան
Սկզբնաղբյուր՝ Qahana.am