Հանուն խաղաղ երկնքի․․․

Անգամ չգիտեմ, թե ինչ պատմեմ քեզ պատերազմի մասին, որդիս։ Բայց դու արդեն մեծ ես։ Շուտով կդառնաս 15 տարեկան։ Եվ պետք է իմանաս․․․

Պատերազմն ամեն ինչ է։

Պատերազմը ցավ է։ Մեծ ցավ…

Հարազատների, մտերիմների, ընկերների կորստի ցավ…
Նրանց հայրերի և մայրերի աչքերին նայելու ցավ։ Երբ այնտեղ լուռ նախատինք ես տեսնում…

Սիրտդ այնպես է ճմրթվում, որ… Ախր ինչպե՞ս քեզ բացատրեմ։
Ավելի հեշտ է տանկի տակ նետվել, քան նայել այդ աչքերի մեջ։
Պատերազմը ուրախություն է։

Երբ երկար բացակայությունից հետո տուն ես վերադառնում, գիտես, թե ով է սովորաբար բացում դուռը կամ դիմավորում քեզ դարպասի մոտ։

Մայրը…

Ապշելու է, բայց մայրերն ամեն ինչ են զգում. «Որտեղի՞ց վիրավորվեցիր»։

Հայրը, ինչպես միշտ, ժլատ է գովասանքների ու զգացմունքները ցուցադրելու հարցում։ Ձեռքդ կսեղմի, ամուր կգրկի և կգնա իր գործերով։

Մայրդ ոչ մի քայլ չի հեռանում քեզնից։ Իսկ հայրդ շարունակ թափառում է ինչ-որ տեղեր… «Հայր, որդիդ վերադարձել է… Ողջ… Իսկ դու զսպում ես զգացմունքներդ», – նեղվում ես հոգուդ խորքում։ Իսկ գիշերն արթնանում ես այն բանից, մազերդ շոյող ինչ-որ մեկի ծանր ձեռքի հպումից։

Հայրն է…

Նա շրջվում է և վեր կենում ծնկներից… Իսկ դու հասցնում ես նկատել նրա աչքին եկած արցունքը և հասկանում, թե ինչ դժվար է նրա համար անդրդվելի մնալ։ «Քնիր, որդիս։ Ուրախ եմ, որ դու վերադարձել ես»։ Եվ սեղմվում է քեզ արցունքներից թրջված դեմքով։

Պատերազմն ընկերություն է։

Արյամբ ամրապնդված ընկերություն է։ Մինչ ի մահ ընկերություն…

Դու ճանաչում ես Դոկտորին… Նրա եղբայրը զոհվել է։

Ճակատամարտի ընթացքում նրանք ստիպված էին նահանջել զբաղեցրած դիրքերից։ Հակառակորդը ճնշում էր։ Գնդակը խոցել է ընկերոջը։ Ընկերը, տեսնելով, որ նա ընկավ, կանգ առավ և սկսեց դուրս բերել նրան։ Իսկ երբ թշնամին չափազանց շատ մոտեցավ, եղբայրը մարտի բռնվեց։

Ջոկատը հակահարձակման անցավ։ Այդպես էլ գտան նրանց… Եղբորը, որը մինչ ի մահ փակում էր իր մարմնով զոհված ընկերոջը։

Պատերազմը ծիծաղ է։

Այո, այո։ Առանց դրա ոչ մի կերպ չի կարող լինել… Շատ էինք կատակում։ Ծաղրում էինք։ Այդ կատակներից շատերը նորմալ կյանքում սկի ժպիտ չէին առաջացնի։ Իսկ դրանց մի մասն էլ պարզապես մահաբեր էին։ Երբեմն ծիծաղում էինք անգամ վիրավոր ընկերոջ վրա։ Նրա հետ միասն։

Մեկը կար։ Մեկ բաժակ ավել խմելուց հետո հայտարարեց, որ պատրաստ է կեղտոտել հենց թշնամու աչքի առջև…

Հետ էինք համոզում… Բարձրացավ կրակակետի վրա, հետույքով շրջվեց թշնամում կողմ և գործի անցավ։ Դիպուկահարն էլ, ինչպես երևում է, նույնպես հումորով էր։ Սպասեց… Եվ հենց խենթն սկսեց իր գործը, գնդակ թողեց նրա հետույքին։ Վերջինս, իջեցված վարտիքով և հետույքի նոր ծակով ընկավ խրամուղի… Երբ տեսանք, թե որտեղից է նա վիրավորվել, ծիծաղներս բռնեց ողջ առաջնագիծը։ Հակառակորդն էլ էր պարբերաբար հետաքրքվում, թե ինչպես է նա ապրում հետույքում առաջացած նոր անցքով։

Ճիշտ է, թշնամին երկար չի ծիծաղել։ Երկու օր անց նրանց մի քանի կիլոմետր ետ շպրտեցինք։

Պատերազմը տխրություն է։

Բոլորն էին տխրում… Մեկը, որովհետև չեն իրականացել իր երազանքները։ Երկրորդը, որովհետև թողել է իր սիրած աղջկան և հիմա, ահա, ինքնաձիգ է գրկում։ Երրորդը տունն էր կարոտում…

Բոլորս էինք կարոտում հարազատ օջախը։ Կվերադանա՞նք արդյոք։

Մեկը տխրում էր, որովհետև չէր կարող տուն հասնել որդու ծնունդին։ Բայց ամենաշատը տխրում էինք զոհվածներին հիշելիս։

Պատերազմն անեծքներ է։

Մայրերի և հայրերի անեծքներ։ Մարտիկներ անեծքներ։ Նրանք անիցում էին բոլորին՝ ինքներն իրենց, հրամանատարներին, զինկոմներին, թշնամուն…

Իսկ տեսնելով ծերերի, կանանց ու երեխաների խոշտանգված դիակները՝ անիծում էին նաև Աստծուն…

Պատերազմը Աստծուն ուղղված շնորհակալություն է։

Այն ամենահաճախն էր հնչում։ Խրամատներում, ինտենսիվ հրետակոծություններից հետո։ Կացարաններում, այն բանից հետո, երբ բոլորը վերադառնում էին մարտական հանձնարարությունից։

Այն մայրերի և հայրերի երախտիքը, որոնց որդիները վերադառնում էին իրենց մոտ…

Բացի այդ, և թող դա քեզ տարօրինակ չթվա, մենք շնորհակալ էինք Ատծուն, որ հաջողվում էր թշնամուց ետ բերել և իրենց ծնողներին հանձնել զոհվածների մարմինները։

Պատերազմը վախ է։

Երբեք մի հավատա նրան, ով ասում է, թե չէր վախենում… Բոլորն են վախենում։
Վախն ամեն տեղ է՝ պատուհանում երևացող անհասկանալի շողքում, խոտի խշշոցում, թուտների շարժի մեջ… Ամենուր։

Պարզապես ամենքը փորձում էր այն հնարավորինս խոր թաքցնել, որպեսզի, Աստված մի արասցե, այն դուրս չպրծներ ամենաանհարմար պահին։ Այդ ժամ, հաշվի, ամեն ինչ կորած է… Ինքն էլ կզոհվի, ուրիշներին էլ իր ետևից կտանի։

Վախը հայտնվում է մարտից առաջ՝ սպասման րոպեներին։

Մարտի ընթացքում վախ չկա։ Ամեն ինչ ավտոմատով է որոշվում։ Ինչպես սովորեցրել են։ Ինչպես սովորել ես… Այն կգա նաև մարտից հետո։ Բայց այդ վախը հեշտ է հաղթահարել։
Պատերազմը կյանք ու մահ է, որդիս։

Մահը շատ է։ Այն ամենուր է։

Պտտվում է գլխիդ շուրջ, և երբեք չես իմանա, թե որտեղից կգա։

Բայց բավական է հայտնվի Կյանքը ու միանգամից մոռանում էինք նրա մասին…

Մարտեր էին ընթանում։ Տղաներից մեկին հայտնեցին, որ որդի է ունեցել։ Զինվորների սիրտը կյանքով լցվեց։ Ու, կարծես, չկա պատերազմ, կրակոցներ, հրետակոծություն։
Կյանքը, որդիս, մաքրում է ամեն վատ բան։ Թող ժամանակավոր… Բայց նաև մահն է հեռու փախչում նրանից։

Պատերազմը, որդիս, վատ գործ է։ Նա, ով պատերազմ է տեսել, երբեք չի ասի. «Պատերազմում լավ է»։

Պապս, ով անցել է Մեծ Հայրենականը, սեղանի շուրջ միշտ բաժակ էր բարձրացնում «Հանուն խաղաղ երկնքի»։ Երիտասարդ էի, չէի հասկանում։ Մեզ մոտ երկինքը միշտ խաղաղ է, ի՞նչ խմելու բան է։

Եվ միայն հիմա, խմելով «խաղաղ երկնքի» կենացը, ես հասկանում եմ, թե ինչի մասին էր խոսում պապս։

Սերգեյ ԼԵՌՆԱՅԻՆ

Սկզբնաղբյուր՝  Voskanapat.info

Հետևեք մեզ նաև Telegram-ում