Վախը
Նմանատիպ
Ապրիլյան հերոսների հիշատակին
Եթե սեփական վախերից սկսեմ, մեկը հենց հիմա քթիս տակ է՝ վախը սպիտակ թղթից: «Գրեմ-չգրեմ»-ից: Բայց եթե որոշել ես գրել վախի մասին, ու արդեն առնվազն մի տող մրոտել ես, ուրեմն վախիդ կեսը հաղթահարել ես:
Վախի տարերքը տարածությունն է: Եվ որքան մեծ լինի տարածությունը, այնքան ավելի լավ կզգա նա իրեն: Այս տարածության անունը հարմարավետություն է, հարմարավետության բարձրակետը՝ ունայնությունը: Վախը դիֆուզվում է տարածության ու հարմարավետության մեջ, ու նրա վերջը ունայնությունն է: Հե՛նց ունայնությունն էլ սպանում է:
Երբ դու չունես այդ տարածությունը, վախերդ քեզ չեն տիրում: Դու մեն-մենակ կանգնում ես խնդրիդ առաջ ու ուզած-չուզած՝ հաղթում ես: Վախերդ հաշվարկելու ժամանակ չունենալու պատճառով: Ու դառնում ես հերոս: Իսկական հերոս: Մարդկային ամենասովորական մարմնի մեջ, ամենասովորական անունազգանունով…
Անցյալ ապրիլին սահմանին կանգնած ամենասովորական մարմնի մեջ, ամենասովորական անունազգանունով հարյուրից ավելի զինվոր ու սպա հերոսացան՝ արտասանած վերջին բառերով Երկրի պաշտպանությունը թողնելով ապրողներիս:
Վերապրած հերոսներն էլ աննկատ պիտի ապրեն մեր կողքին՝ ստիպված լինելով մեծահոգաբար լուռումունջ տանել կյանքին նայելու մեր թեթևությունն ու մակերեսայնությունը, մեր հարմարվողականությունն ու «հիմնավորված» վախերը:
Խիզախումի պահին նրանք ժամանակ չունեին իրենց ու այլոց վախերը հաշվարկելու, նրանք տեղյակ չէին կարգավորման պլաններ մշակող ու քաղաքական որոշումներ կայացնող հեռավոր կենտրոններից, ու քանի որ կապված չէին դրանց հետ և ոչ մի պիղծ չափանիշով, նրանց մեջ չկար այն տարածությունը, որը պիտի հասցրած լիներ լցվել դիվանագիտական-քաղաքական վախերով ու զգուշավորությամբ:
Ամենասովորական մարմնի մեջ ու ամենասովորական անունազգանունով զինվորը մեն-մենակ ու դեմ առ դեմ կանգնեց ճակատագրով հենց իրեն բաժին հասած խնդրի առաջ ու, քանի որ կյանքի ու մահվան միջև վախի սպրդելու համար նվազագույն տարածություն անգամ չկա, փառահեղ հաղթանակ տարավ ու հերոսացավ՝ գրողի ծոցն ուղարկելով հեռավոր քաղաքական կենտրոններում որոճացած ծրագրերը: Վստահ եմ՝ նա համաշխարհային, երևի թե անգամ տիեզերական օրակարգ փոխեց: Վախի բացակայության շնորհիվ: Ու հիմա լուսանկարից ժպտում է՝ «Ես հաղթեցի աշխարհին»:
Այս օրերին ապրիլի տղաների վառ հիշատակի պատգամն այս է՝ ՉՎԱԽԵՆԱ՛Ք, ՀԱՅԵ՛Ր: Մենք մեր բոլոր հաղթանակները կերտել ենք օրհասական ժամերին: Վախի իսպառ բացակայության մեջ: Մենք դիվանագետ ժողովուրդ չենք: Մեր ձենովօհանական հարմարվողականությունն ու «լայնախոհությունն» անպտուղ են եղել, և ինչպես համարյա միշտ՝ մի ծուռ Դավթի միջոցով այդ ամոթալի վարքակազմը կոնկրետ գործողությամբ սնանկ ու սին է ճանաչվել: Մի ծուռ Դավիթ միշտ՝ անտեղյակ թելադրվող քաղաքական օրակարգերից ու իբր անխուսափելի պարտադրանքներից, պաշտպանական առողջ բնազդով ու աստվածատուր համարձակությամբ շեղել ու բեկել է բոլոր այն շանթերը, որ ուղղված են եղել մեր գոյության ու տեսակի դեմ:
Սահմանից հեռու՝ մեր ներքին կյանքում այժմ հսկայական տարածություն կա, որ լցված է վախերով: Ընդունված է, որ բանական մարդը հազար անգամ ծանրութեթև անի ամեն ինչ, կասկածի տակ առնի այն ամենը, ինչը կարող է դույզն-ինչ վտանգավոր լինել: Բայց արդյո՞ք այդ ծանրութեթևի մեջ խորանալով մենք մեզ չենք բռնում ուղիղ հարմարավետության գրկում: Եվ ի՞նչ երեսով ենք այդ հարմարավետության միջից նայում մեր հերոսներին: Հարմարավետության մեջ ընկղմված քաղաքացին, որ իր վախերը սնում է լրահոսից իրեն հրամցվող վերլուծություններով ու ամեն տեսակ դավադրատեսություններով, իրեն խաբում է մտածող, կշռադատող մարդ լինելու պատրանքով, մինչդեռ իրականում թույլ է տալիս թշնամուն ներազդել իր վրա՝ հետևողականորեն քայքայման տանելով գործելու ու հերոսանալու իրեն տրված բացառիկ ներուժը:
Հարմարավետությունը հայի հագով չի կարված: Չպետք է տարվել այդ սին պատրանքով: Դրա վերջը ունայնությունն է: Իսկ ունայնությունը կործանում է՝ սպանելով երկուսն էլ՝ մարմինն էլ, հոգին էլ:
Հեղինակ՝ Անի Մարտիրոսյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում