Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը սահմանել է բարձր նշաձող. Արման Վարդանյան (տեսանյութ)
Նմանատիպ
Այս օրերին Երևանում էր գտնվում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը, ով դարձավ Ռուսաստանի Վ. Գ․ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ: Խորհրդի նախագահ Արման Վարդանյանի խոսքով՝ համալսարանի երևայան մասնաճյուղն իր նորանշանակ ղեկավարի՝ Խաչիկ Գալստյանի գլխավորությամբ նոր որակ է հաղորդելու այս բուհում մատուցվող կրթությանը. «Քանի որ Հայաստանում սովորող ուսանողներն ունենում են աշխատաշուկայում կայանալու խնդիր ինչպես մասնագիտական, այնպես էլ բարձր աշխատավարձ ստանալու հարցում, ոստի ես, ստանձնելով համալսարանի հոգաբարձուների խորհդի պարտականությունները, ԲՈւՀ-ի ղեկավարության հետ միասին անելու եմ ամենը՝ սահմանելու համար բարձր նշաձող, որպեսզի այստեղ սովորող ուսանողները ստանան բարձրակարգ կրթություն»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ ԲՈւՀ-ում դասավանդելու է պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ, ինչի շնորհիվ ուսանողները կստանան մրցունակ մասնագիտացում և գիտելիքներ:
Արման Վարդանյանի բնորոշմամբ՝ այս ԲՈւՀ-ը գալիս է լրացնելու այն բացը, որն առկա է բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում. «Մենք տեսնում ենք, որ երիտասարդները ԲՈւՀ-ն ավարտելուց հետո չեն աշխատում այն մասնագիտությամբ, որը ստացել են, և այդ բացը լրացնելու համար մենք նախաձեռնելու ենք կոնֆերանսների շարք: Բաց ենք բոլոր կրթական հաստատությունների համար: Պատրաստ ենք համատեղ մշակել և կյանքի կոչել այնպիսի կրթական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան շրջանավարտին ԲՈւՀ-ն ավարտելուց հետո աշխատել իրենց մասնագիտությամբ ինչպես ԵՏՄ շրջանակներում, այնպես էլ ողջ աշխարհում»:
Կարևորելով Իոսիֆ Կոբզոնի այցը Վ. Գ Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ, Արման Վարդանյանը շեշտեց, որ լեգենդար արտիստի այցը փաստեց այն, որ նա նույնպես անելու է ամեն բան, որպեսզի այս ԲՈւՀ-ի շրջանավարտները կարողանան ստանալ որակյալ գիտելիքներ. «ԲՈւՀ-ի հոգաբարձուների խորհրդի առաջին պատվավոր անդամի կոչումը շնորհվեց Իոսիֆ Կոբզոնին: Պետք է նշեմ, որ այս պահին ընթանում են խորհրդատվական հանդիպումներ, ԲՈւՀ-ի խորհրդի անդամների թեկնածությունները շատ են, և մենք պետք է ընտրենք այն մարդկանց, ովքեր թե՛ իրենց գիտելիքները, թե՛ կապերն ու ունեցած ողջ ռեսուրսը կկարողանան ներդնել ԲՈւՀ-ի զարգացման և բարձր վարկանիշի համար»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում