Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը
Նմանատիպ
Սեպտեմբերի 24-ին Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է armenianchurch.org-ը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո «Վարպետաց դպրոցը», որ վերակառուցվել է «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, «Երևան իմ սեր» բարեգործական հիմնադրամի կողմից ծառայեցվելու է որպես վերականգնողական սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:
Միջոցառմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ Կառավարության անդամներ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, Մայր Աթոռի բարերարներ, ՀԲԸՄ անդամներ և այլ հրավիրյալներ։
«Վարպետաց դպրոցը» մուտքի կարմիր ժապավենը հատեցին Ամենայն Հայոց Հայրապետը, «Երևան իմ սեր» հիմնադրամի նախագահ Արմեն Սարգսյանը և Մայր Աթոռի բարերար Հայկ Տիտիզյանը:
Ապա բացման խոսքով հանդես եկավ Մայր Աթոռի բարերար, հիմնադրամի նախագահ և Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը` ներկայացնելով ծրագրի նպատակները, կառույցի ստեղծման պատմությունը և այդ գործում Եկեղեցու կարևոր դերակատարությունը: Տիար Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ Նախագահին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծրագրին ցուցաբերած անմիջական աջակցության համար, ինչպես նաև շնորհակալական խոսք ուղղեց կառույցի հիմնական բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին ու նախագծին աջակցած շուրջ 150 բարեկամներին:
Իր սրտի խոսքն ասաց նաև տիար Հայկ Տիտիզյանը` ուրախություն հայտնելով նման ազգօգուտ ծրագրին մասնակից լինելու կապակցությամբ: Մեծանուն բարերարը գոհունակությամբ ընդգծեց, որ այս կառույցի առնչությամբ Վեհափառ Հայրապետի տեսլականն այլևս իրականություն է դարձել և հորդորեց ամենքին համախմբել ուժերը ծրագրի հետագա ընթացքի բարեհաջող իրագործման համար:
Այնուհետև նախագահությամբ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց նորակառույց հաստատության օրհնության կարգը, որի ավարտին Վեհափառ Հայրապետն իր պատգամն ուղղեց ներկաներին:
Նորին Սրբությունը, գոհություն բարձրացնելով առ Աստված մի նոր հայրենաշեն ձեռնարկի իրագործման առիթով, վերհիշեց, թե ինչպես դեռևս իր՝ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության շրջանում, ձեռք բերվեց առաջնորդարանի մերձակայքում գտնվող այս շենքը և ծրագրվեց վերակառուցել այն` իբրև մի նոր Հայորդյաց տուն: Վեհափառ Հայրապետը գոհունակության զգացումով ընդգծեց, որ շուրջ 20 տարի անց այդ ծրագիրն այլևս իրականություն է դարձել «Երևան իմ սեր» ծրագրի նախագահ Տիար Արմեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ և այսուհետ գեղեցիկ ու հարմարավետ հաստատության հարկի ներքո գիտելիքներ և հմտություններ պիտի ձեռք բերեն ու կրթվեն հազարավոր մանուկներ և պատանիներ:
«Հիմնադրման օրվանից Հայաստանյայց Եկեղեցու առաքելության կարևորագույն մասը կազմել են լուսավորության կրթական նվիրական գործն ու մանկանց դաստիարակությունը: Այս տեսլականով են ազգային-եկեղեցական մեր կյանքում ստեղծվել հայ մանկավարժության ու դաստիարակության պսակը հանդիսացող դպրոցներն ու վարժարանները, որտեղ մեր զավակունք հաղորդ են դարձել մեր հոգևոր-ազգային անանց արժեքներին ու հայոց պատմության փառավոր էջերին:
Նոր սերնդի կրթության ու դաստիարակության աստվածահաճո այս առաքելությանն իր մասնակցությունը բերելու ազնիվ զգացումով է, որ դեռևս 2 տարի առաջ մեր Եկեղեցու նվիրյալ զավակ ու բարերար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան տիար Արմեն Սարգսյանն առաջարկ ներկայացրեց, «Երևան իմ սեր» ծրագրի շրջանակներում, վերակառուցելու և ավարտին հասցնելու այս շինությունը` որպես ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների համար նախատեսված սոցիալ-մշակութային կենտրոն:
Նույն ազնիվ մղումով նա, իր իսկ կողմից կառուցած Մայր Աթոռի Ս. Վարդան-Ս. Հովհաննես Մկրտիչ մկրտարանի հարևանությամբ, բարեկարգում է Սուրբ Էջմիածնի այգին` այնտեղ ստեղծելով երեխաների համար ևս մի կրթական-մշակութային կենտրոն:
Մեկ այլ կրթական կենտրոնի կառուցում Տիար Սարգսյանը ծրագրում է Երևանի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում», – նշեց Ամենայն Հայոց Հայրապետը:
Կրթական հաստատության բացման առիթով Գարեգին Բ Կաթողիկոսը իր բարձր գնահատանքը բերեց Մայր Աթոռի նվիրյալ բարերարներ Տեր և Տիկին Արմեն և Նունե Սարգսյաններին, ինչպես նաև կրթօջախի հիմնական բարերարներ, Հայ եկեղեցու բարեգործ զավակներ Տեր և Տիկին Հայկ և Էլզա Տիտիզյաններին:
Նորին Սրբությունը տեղեկացրեց, որ հավատավոր Տիտիզյան ամոլի կենսագրության մեջ սա առաջին ազգօգուտ և հայրենանպաստ նախաձեռնությունը չէ և ի գնահատումն Տիտիզյան ընտանիքի` հերթական այս կարևոր ներդրման` նորակառույց «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը այսուհետ կրելու է Հայկ և Էլզա Տիտիզյան ամոլի անունը:
Հայրապետական իր սերն ու ողջույնները բերելով բացման արարողության բոլոր մասնակիցներին` Նորին Սրբությունը նաև իր գնահատանքը հայտնեց միջոցառմանը մասնակից բարերար հայորդիներին և կենտրոնի բացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անհատներին և կազմակերպություններին:
«Չկա ավելի երախտալից ու շնորհակալ գործ, քան մեր ապագայի հուսալի տեսլականի իրագործումը` ի դեմս մեր մատաղ սերնդի արժանավայել կրթության: Հայրենաշինության, ազգային ոգու մշտանորոգման և պահպանման լավագույն գրավականն են կրթական կենտրոններն ու դպրոցները», – շեշտեց Գարեգին Բ Հայոց Հայրապետը` հորդորելով հավատարիմ մնալ լուսավորության և մանկանց կրթության հուսալի առաքելությանը, որը դարեր շարունակ առաջնորդել է քրիստոսասեր մեր ժողովրդին:
Խոսքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթքով հայցեց Երկնավորին լուսավոր ու պայծառ պահել հայրենի կրթօջախները և Իր օրհնության ներքո խաղաղ` մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովրդին:
Վերջում տեղի ունեցավ շրջայց նորակառույց կրթական հաստատությունում, հյուրերը ծանոթացան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան պայմաններին, զրուցեցին նրա առաջին փոքրիկ այցելուների հետ: