Չեխիայի փոխվարչապետը խոսել է Խոջալուի դեպքերի մասին

Երևանում գտնվող՝ Չեխիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Կառլ Շվարցենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ չեխ լրագրողները հետաքրքրվեցին Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանից, թե ինչպես է պաշտոնական Երևանը գնահատում «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ չեխ պատգամավորների հայտարարությանը:
«Չեխիայի պառլամենտն է ընդունել, գուցե իմ գործընկերն արտահայտվի, ոչ թե ես մեկնաբանեմ», – ասաց Է.Նալբանդյանը: Միաժամանակ դիվանագետը բարձր գնահատեց Չեխիայի՝ ԵՄ մյուս անդամների օրինակով աջակցությունը ԼՂ կարգավորման գործընթացին, հիշեցնելով, որ Պրահայում ամենաբարձր մակարդակով հանդիպումներ են եղել, որոնք ուղղված էին խաղաղ կարգավորմանը: «Միշտ բարձր ենք գնահատում Չեխիայի աջակցությունը և շնորհակալ ենք հավասակշռված քաղաքականության համար», – ասաց նախարարի պաշտոնակատարը:
Իր հերթին Կառլ Շվարցենբերգը նշեց, որ ընդունված փաստաթուղթն ընդունվել է ոչ թե պառլամենտի կողմից, այլ միայն արտաքին հարաբերությունների կոմիտեի:
«Չեխիայի Հանրապետությունը դեմ է մարդու իրավունքների ցանկացած ոտնահարմանը, բայց գիտենք, որ պատերազմական իրավիճակներում նման բաներ տեղի են ունենում: Եվ դա չի կարելի համեմատել նրա հետ, ինչ տեղի է ունեցել ձեր անցյալում», – ասաց չեխ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում