Իշխանությունների համար ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է մեր հասարակությանը. Էդուարդ Շարմազանով

«Իշխանությունների համար շատ ձեռնտու է այն, ինչ ձեռնտու է մեր հասարակությանը»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ընդդիմության ո՞ր առաջնորդն է ավելի ձեռնտու իշխանություններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ իշխանությունները գրպանային ընդդիմության ստեղծմամբ երբեք չեն զբաղվել:
«Մեր հասարակությանը անհրաժեշտ է ուժեղ գաղափարական իշխանություն և ոչ պակաս ուժեղ գաղափարական ընդդիմություն, որպեսզի նորմալ, քաղաքակիրթ, սուր քաղաքական պայքարում մենք կարողանանք ծնեցնել շատ լավ գաղափարներ և այդ գաղափարները կյանքի կոչել մեր հասարակության համար: Ի վերջո ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ ինքնանպատակ չեն, այլ միջոցներ են, որպեսզի լուծվեն հանրության առջև կանգնած բազմաթիվ խնդիրներ:
«Իսկ այն, որ ընդդիմության տարբեր շերտերի մեջ կան ազնիվ մարդիկ փաստ է»,- շեշտեց նա:

Անդրադառնոլավ Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցելությանը’ Շարմազանովն ասաց, որ տեղյակ չե այցի և դրա մանրամասների մասին:

Է.Շարմազանովն անդրադարձավ նաև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի այն հայտարարությանը, թե Ր.Հովհաննիսյանը հիասթափեցրել է.

«Ինձ ավելի շատ ոգևորեց, թե ցուցարարների մեծամասնության, թե մասնավորապես ոստիկանության շատ ճիշտ կեցվածքը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ կան մարդիկ, որոնք մի թաքուն անկյունում նստած սպասում էին, որ ինչ-որ վատ բան պետք է լինի, բայց փառք Աստծո՝ ապրիլի 9-ի դեպքերը ցույց տվեցին, որ Հայաստանում թե բազմակարծությունը, թե հանդուրժողականությունը, թե ոստիկանության և ուժային կառույցների պրոֆեսիոնալիզմը բարձրացել է: Ես հիացած եմ մեր այն քաղաքացիների պահվածքով, ովքեր չգնացին սադրանքների և նաև հիասթափված եմ այն քաղաքացիների և քաղաքական սադրիչների գործունեությամբ, ում հանգիստ չի տալիս, որ Հայաստանում այլևս ցնցումներն անցյալում են»,- ամփոփեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում