Թուրք լրագրողը ներկայացրել է 20-րդ դարի Անատոլիայի հայերին

Թուրք լրագրող Բեյզա Քուրալը «Բիանեթ» կայքում հոդված է հրապարակել՝ «ճանապարհորդելով ժամանակի մեջ» և հասնելով մինչև 20-րդ դարասկզբի Անատոլիան, որտեղից հայերը դեռ չէին տեղահանվել…
Հոդվածը ներկայացնում է times.am լրատվական կայքը՝ հղում կատարելով tert.am –ին:

««Ճանապարհորդություն դեպի անցյալ» անվամբ ցուցահանդեսն իրոք համապատասխանում է անվանը։ Թեև 2013թ.-ից գրելը դժվար է, սակայն ժամանակը վերադառնում է 20-րդ դարասկիզբ։

Ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբ. 1908թ. Անատոլիայի հայերի մասին նյութ եմ պատրաստելու։ Քաղաք-քաղաք ման եմ գալիս՝ եկեղեցիներ, դպրոցներ, որբանոցներ, դրանց զուգահեռ՝ մետաքսի, գորգի, ալմաստի, այլ իրերի բազմաթիվ գործարաններ, արհեստանոցներ կան ցուցակումս։ Փողոցներում մարդիկ հետս զրուցելուն են սպասում։

Բուրսայում եմ՝ մետաքս արտադրող գործարանում։ Գործարանի մարդկանց հետ եմ խոսում, պատմում են, որ հայերի համար մետաքսի արտադրությունն ու առևտուրը կարևոր տեղ ունի։
Գործարանի հայ աշխատողներն ինձ իրենց թաղամաս են հրավիրում, համաձայնվում ենք։

Այնուհետ Մինասյանների ալմաստ կտրող արհեստանոցն եմ գնում։ Օնիկ Մինասյանն ինձ ցույց է տալիս արտադրամասը։

Իզմիրում եմ. հայկական դպրոցի աշակերտներին հանդիպելով եմ սկսում օրս։ Դրսում հանդիպում եմ անցյալ տարի հայկական եկեղեցում ծանոթացածս հային։ Զրուցում ենք, պատմում է, որ որբանոցի երեխաներին պար են դասավանդելու։

Որոշում եմ Թաքվոր Ըսփարթալիյանի գորգագործության արհեստանոց այցելել։ Զրույցը երկրի և աշխարհի իրադարձությունների վրա է կենտրոնանում, խոսում է իր լոնդոնյան գրասենյակի մասին։

Ճանապարհիս մի բացիկ եմ գտնում. Ռ Հ. Նիկողոսյան ստորագրությամբ բացիկի վրա գրված է. «Ծառայությունս վերջացրի, տուն եմ վերադառնում»։ Մեջս տարօրինակ մի ցավ եմ զգում, «Սևակ» կանչում է մեկը։

Անատոլիայի հայերի աթլետիկայի, բեյսբոլի և ֆուտբոլի հավաքականներին տեսնելու համարՄերզիֆոն եմ մեկնում։ 1908թ.-ի դեկտեմբերի 17-ն է. փողոցներում տոնակատարություններ են, հայ հոգևոր առաջնորդներն առջևում են։

Սամսունում ընկերոջս՝ Կարոյին եմ հանդիպում։ Նա ուսուցիչ է հայկական դպրոցում։ Ինձ տեսնելուն պես ասում է, որ երեկոյան թատրոն ենք գնալու։ Մանարյանի՝ ալյուրի գործարանում աշխատող եղբայրն ու թութունի գործարանում աշխատող ընկերն էլ են միանում թատրոն դիտելուն։

Ինձ Տրապիզոն ճանապարհելիս Հայկական թաղամասի մասին նյութ գրելուս համար օգտակար ընկերների անուններ ունեմ գրպանումս։ Անշուշտ ոգելից խմիչքների և թութունի առևտրով զբաղվող Կարապետ Հեքիմյանի անունն էլ կա ցուցակումս։

Տարեց մի կին՝ իմանալով որ Բիլեջիկ եմ գնալու, խնդրում է բարևներ փոխանցել երկար տարիներ չտեսած իր ընկերներին։ Մտածում եմ՝ «4.000 հայի միջից ինչպե՞ս եմ գտնելու իր ընկերներին», սակայն ասում եմ, որ անպայման կփոխանցեմ։

Ճանապարհս դեպի Կարս է, Դիարբեքիր, Վան, էրզրում։ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու զանգակատնից տարածվող ձայնից փողոցներում իրարանցում է սկսվում։

Կարսում զրուցելիս իմանում եմ, որ Սուրբ Առաքելոց եկեղեցին Օսմանյան կայսրության շրջանում մզկիթի է վերածվել, հետո՝ 1878թ.-ին դարձյալ եկեղեցու է վերածվել, սակայն դարձյալ հայկական եկեղեցի միայն անցյալ տարի է դարձել։ Այդ պահին մտածում եմ, որ իմ տեսած այդքան եկեղեցիները, մենաստանները, որբանոցները մի օր կարող են «վերափոխվել», ու վախը տարածվում է ներսումս, սակայն վերադառնալով զրույցին՝ հեռանում եմ այդ մտածմունքներից։

Մտածում եմ Ստամբուլ վերադառնալ, սակայն ինձ Էդիրնեում եմ գտնում։ Հրավիրել է ընկերս, ում մերժել չէի կարող։

Իրականում դեռ գնալու շատ քաղաքներ կան, սակայն կարծում եմ, որ տեսածս գրելով, հետո դարձյալ ճանապարհ ընկնելն ավելի լավ է։ Գրելու այնքան եկեղեցի, դպրոց, փողոց կա, այդտեղ ապրող ամեն մարդ առանձին մի պատմություն է։

Երկար ճանապարհից հետո հոգնությունս մի քանի օրից թոթափել եմ պատրաստվում։ Սպասածիս պես է լինում։ Լեզվիս հայկական մի երգ, մտքումս այն մարդիկ, որոնց հետ խոսել եմ, սկսում եմ գրել աշխատանքս։
***
Ժամանակ՝ 2013. Ստամբուլում եմ։ Ցուցահանդես եմ դիտում։ Պատմածս բոլոր պատմությունները ցուցահանդեսում տեղ գտած բացիկներից են։ Ներսումս ցավ կա՝ «կորստի» ցավ։ Ինձ կորցրածի պես եմ զգում։ Ժամանակը հետ եմ շրջում ու սկսում եմ գրել՝ Ժամանակ՝ 20-րդ դարի սկիզբ. Անատոլիայի հայերի մասին….»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում