Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ
Նմանատիպ
Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,
Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝
Նայելով գառան աչքերին,
Որտեղ Աստծու աչքերն է որոնում…
Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում
Եվ հույսի հանգրվան փնտրում
Պապուս մատաղացու աչքերում…
Ես գնում եմ որդիներիս հետքերով,
Որպեսզի նրանք չվերադառնան իմ չանցած ճանապարհով…
Ես հավասարապես գիտեմ
Բոլոր լեզուները,
Որոնք հնչյուններ չունեն
Եվ ապրել եմ բոլոր ժամանակները,
Որոնք ինձ չեն պատկանում։
Ես քո նշաձև աչքերի միջից
Իմ արցունքներն եմ քամում
Քեզ չխոստացած մատաղի համար…
Քո անցած ճանապարհը
Անհնար է գտնել
Համակարգչի արցունքոտ աչքերում…
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Ծնվել է Արարատի մարզի Սուրենավան գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1997-1999 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ 2007 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, նույն թվականին էլ ընդունվել է ՀԳՄ շարքերը։
Ուսմանը զուգահեռ 2001-2002 թվականներին «Հայ ժողովրդական բանահյուսություն» և «Արտասահմանյան գրականություն» է դասավանդել Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում: 2010 թվականի փետրվարից մինչև հունիսը հայոց լեզու և գրականություն է դասավանդել Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում:
2011-2013 թվականներին հայոց լեզու է դասավանդել Հայաստանի Մխիթարյան կենտրոնում, ինչպես նաև խմբագրել է «Մարզաշխարհ» շաբաթաթերթը (2011, փետրվար-հունիս)։
2011 թվականի օգոստոսից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության ուսումնասիրության բաժնում։
2012 թվականի ապրիլից 2013 թվականն աշխատել նաև Հայաստանի հանրագիտարան հրատարակչությունում, մասնակցել է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանի խմբագրման աշխատանքներին, որը լույս է տեսել 2015 թվականին: 2015 թվականին Արքմենիկ Նիկողոսյանի հետ կազմել է «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտակ-անթոլոգիան:
Հանդիսանում է «Գրանիշ» հանդեսի համախմբագիրներից։ 2014-2015 թվականներին որպես խմբագիր աշխատել է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում: Հանդիսանում է «Դարակ» հրատարակչության հիմնադիրներից, ինչպես նաև` նույն հրատարակչության գլխավոր խմբագիրը (2015):
2016 թվականին ստանձնել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը: 2017 թվականի սեպտեմբերից հայոց լեզու և գրականություն է դասավանդում Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ֆրանսերեն, սերբերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, լեհերեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում