Րաֆֆի Հովհանննիսյանի գործողությունները հակասական էին. Ա. Սարգսյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը.«Նախագահական ընտրությունները իրենց ամբողջ հետքը թողեցին այս ամբողջ իրադարձությունների վրա: Ժողովուրդը այնքան է դժգոհ այսօրվա իշխանություններից, որ բացահայտ ներկայացնում է իր դժգոհությունը: Ինչ վերաբերում է ընդդիմադիր այն հատվածին, որն առաջնորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա պետք է ասել, որ նոր Հայաստանը թագադրությամբ չի սկսվում, այն էլ, եթե թագը օրիգինալ չէ:

Այս տեսանկյունից պարզ է, որ հասարակությունը, որը կուզենար ներկայացնել իր դժգոհությունը և իր տեսակետը, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չի, չնայած այն բանի, որ ընտրություններում նրան 500 000 մարդ էր ձայն տվել: Սա խոսում է այն մասին, որ ճիշտ մարտավարությունը և ռազմավարությունը առաջնորդի համար շատ կարևոր է: Րաֆֆի Հովհանննիսյանի գործողությունները հակասական էին: Պետք էր արտահայտել ծրագրային հստակ դիրքորոշում»:

Արամ Սարգսյանի կարծիքով իշխանությունը ստեղծված իրավիճակում պարտավոր է խոսել ժողովրդի հետ:

«Սերժ Սարգսյանը վերջապես հայտարարեց այն առաջնայնությունների մասին, որոնց վերաբերյալ բոլորս խոսում ենք տարիներ շարունակ: Խոսքը գնում է արտագաղթի, գործազրկության և աղքատության հաղթահարման մասին: Հինգ տարի կառավարելուց հետո առաջին անգամ այդպիսի առաջնահերթություն դնելն արդեն իսկ անվստահություն է առաջացնում ժողովրդի մոտ»,- նշեց Ա. Սարգսյանը:

Սարգսյանը նաև ավելացրեց. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է գոնե ամիսը մեկ նստի հեռուստացույցի առաջ և խոսի մարդկանց հետ բոլոր հիմնահարցերի վերաբերյալ: Մարդիկ պետք է հասկանան ի՞նչ է ուզում այսօրվա ղեկավարը և ինչպե՞ս է ցանկանում իրականացնել դա: Լոզունգների ժամանակն անցել է»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում