Արա Բաբլոյանն ընդունել է ՄԹ արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընին:

Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի եւ այդ հարցում լավագույն փորձ է հանդիսացել նաեւ Մեծ Բրիտանիայի անցած ճանապարհը: Արա Բաբլոյանը, ընդգծելով Միացյալ Թագավորության դեսպանության հետ նպաստավոր համագործակցությունը, կարեւորել է դեսպանի կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձել հատկապես ՀՀ Ազգային ժողովի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի արդյունավետությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սըր Ալան Դանքընը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների միջեւ առկա համագործակցությունը, խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը դուրս է գալիս Եվրոպական միությունից, բայց ոչ երբեք Եվրոպայից:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում