Երևան ժամանող հյուրերին սետպեմբերի 27-ին օդանավակայանում հետաքրքիր անակնկալ է մատուցվել

Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը հանդես է եկել յուրօրինակ նախաձեռնությամբ. վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում մայրաքաղաք ժամանող հյուրերին մատուցվել է հետաքրքիր անակնկալ՝ խորհրդանշական նվերներ: Զբոսաշրջիկներին տրվել են Երևանի պաշտոնական ուղեգրեր, «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական երթուղու և Երևանի պատմության թանգարանի անվճար տոմսեր, մայրաքաղաքի քարտեզներ, զբոսաշրջային վայրերից օգտվելու զեղչի հավաստագրեր և այլն: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նմանատիպ միջոցառումներն ընդգծում են մեր քաղաքի հյուրընկալությունը և ջերմություն են փոխանցում մայրաքաղաքի հյուրերին: Ակցիան նպատակ ունի զբոսաշրջիկներին հենց օդանավակայանից ուղղորդել մայրաքաղաքի առավել հետաքրքրաշարժ զբոսաշրջային վայրեր և իրազեկել մշակութային հաստատությունների, հուշարձանների, ինչպես նաև քաղաքում գործող առավել գրավիչ ծառայությունների մասին», – նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Նշենք նաև, որ նախաձեռնությունն իրականացվել է Երևանի քաղաքապետարան – մասնավոր հատված համագործակցությամբ: Նախաձեռնությանն աջակցել են «Երևան քարտ», «Արմենիա Փաս» կազմակերպությունները, «Տուրինֆո» զբոսաշրջային ամսագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում