Հայաստանը կստանձնի ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը սեպտեմբերի 27-ին Կազանում մասնակցել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Բացի Հայաստանից, նիստին մասնակցել են նաև պատվիրակություններ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, դիտորդի կարգավիճակով՝ Ղրղզստանից և Տաջիկստանից:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են Միջպետական խորհրդի նախորդ նիստին ընդունված որոշումների իրականացման արդյունքները, կոռուպցիայի հակազդման ոլորտում ԱՊՀ անդամ երկրների համագործակցության համաձայնագրի նախագիծն ու դրանից բխող հակակոռուպցիոն պայքարի հայեցակարգի մշակման ընթացքը: Վերջիններս ուղղված են ԱՊՀ-ի շրջանակում կոռուպցիայի հակազդման իրավական և կազմակերպական հիմքերի զարգացմանը, անդամ երկրների միջև այս ոլորտում փոխգործակցության սկզբունքների, խնդիրների և ձևաչափերի հստակեցմանը:

Միջպետական խորհրդի անդամները անդրադարձել են նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի հետ համագործակցության կառուցակարգերին, հաստատել Խորհրդի 2018թ. գործունեության պլանը, ստորագրել նիստի եզրափակիչ բոլոր փաստաթղթերը:

Կանոնադրությամբ սահմանված կարգով Խորհուրդը մեկամյա ժամկետով ընտրել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նոր ղեկավար կազմը: Մասնավորապես ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան ընտրվել է Խորհրդի նախագահ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ստանձնել է Խորհրդի համանախագահի պաշտոնը՝ որպես հաջորդ տարի նախագահությունն ընդունող կողմ: Այս կապակցությամբ իր խոսքում նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա հերթական նիստը Հայաստանում ընդունելուն՝ նկատի ունենալով նմանատիպ ձևաչափով ֆորումներ անցկացնելու կուտակված հարուստ փորձը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում