Օբաման առաջարկել է կրճատել Հայաստանին տրամադրող ֆինանսական օգնությունը

ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը 38 տոկոսով կրճատել է 2014 ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանին հատկացվող տնտեսական օգնությունը: Արմենպրեսի փոխանցմամբ, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից (ANCA) հայտնում են, որ եթե առաջարկն ընդունվի Կոնգրեսի կողմից, ապա Հայաստանին ԱՄՆ-ի տրամադրելիք օգնությունը 1988 թվականի երկրաշարժից ի վեր կիջեցվի նվազագույն շեմին:
ԱՄՆ նախագահի առաջարկած 24 միլիոն 719 հազար դոլարի տնտեսական օգնությունը Հայաստանի պարագայում մոտ երկու անգամ քիչ է նախորդ ֆինանսական տարվա տնտեսական աջակցությունից: Սպիտակ տունն, այնուամենայնիվ, պահպանել է հավասարակշռությունը Հայաստանին և Արդբեջանին տրվելիք ռազմական օգնության առումով: Միջազգային ռազմական կրթության եւ վերապատրաստման (IMET) համար սահմանել է 600 հազար դոլարի, իսկ արտաքին ռազմական ֆինանսավորման (FMF)’ 2 միլիոն 700 հազար դոլարի ֆինանսական օգնություն: Այսպիսով, Հայաստանին FY14 ֆինանսական տարվա ընթացքում հատկացվելիք ընդհանուր օգնությունը, որ ԱՄՆ նախագահն է առաջարկում’ ներառյալ տնտեսական, ռազմական, օրենքի ամրագրման, և առողջապահության ոլորտները, 14 տոկոսով կրճատված է նախորդ’ FY13 տարվա առաջարկից:
«Նախագահ Օբաման, ով նախագահ դարձավ’ խոստանալով պահպանել Հայսատանին հատկացվող օգնությունը, զարգացնել երկկողմ առևտրային և ներդրումային հարաբերություններ, հետևողականորեն կրճատել է Հայաստանի օգնության ծրագրերը’ միաժամանակ չձեռնարկելով որևէ նշանակալից քայլ տնտեսական հարաբերությունները խթանելու ուղղությամբ’ ներդրումային համաձայնագրերի, հարկային պայմանավորվածությունների, առևտրային քաղաքականությունների միջոցով»,- ընդգծել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Վարչակազմի առաջարկած բյուջեում չի նախատեսվում ֆինանսական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին’ չնայած վերջին մի քանի տարիներին USAID-ի կողմից տարեկան 2 մլն դոլար է հատկացվել այդ նպատակով: Լեռնային Ղարաբաղի ֆինանսավորման այս մակարդակը զգալիորեն ցածր է երկար տարիների ընթացքում Կոնգրեսի ներկայացրած միտումներից’ ներառյալ նաև Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի’ FY13 արտաքին օգնության օրինագծով հաստատված 5 մլն դոլարի օժանդակությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում