Կառավարությունը հաստատեց սահմանամերձ համայնքների բնակիչներին օժանդակություն ցուցաբերելու ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ որոշման նախագիծը բյուջեի հավելված է, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով: «Սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը»,– ասաց նախարարը և նշեց, որ այն շուրջ մեկ միլիարդ դրամի օժանդակություն է ներառում, որը տրվում է 58 հազար բնակչի, որոնք սահմանամերձ 37 բնակավայրերում են տեղակայված։ Օժանդակությունը կլուծի գազի, ջրի, գույքահարկի, հողի հարկի, էլեկտրաէներեգիայի որոշակի չափաքանակների հետ կապված խնդիրը:

Դավիթ Լոքյանն ասաց, որ ծրագիրը վերաբերում է միայն պետության այս աջակցության բլոկին և փաստաթուղթը պետք է կցվի բյուջեին ու ուղարկվի Ազգային ժողով:

Վարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքելով նախագծին՝ դիմեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանին և հարցրեց. «Պարոն Արամյան, նայե՞լ եք, որովհետև մենք, որքան հիշում եմ, գազի ու կիլովատի սակագների մեջ կարգավորումը, որ արել ենք, բյուջեի վրա չի մնացել»: Վարդան Արամյանը պատասխանեց, որ սա այն հերթական ծրագրերից է, որն, ըստ օրենքի պահանջի, պետք է ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում