Մարտի 1-ի խնդիրը կմնա քաղաքական օրակարգում. Դավիթ Հարությունյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը խոսելով 2008թ.-ի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի ուսումնասիրության նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման մասին, ասաց, որ  այդ դեպքերը շարունակում են մնալ քաղաքական օրակարգում, քանի դեռ չկան վերջնական պատասխաններ:

«Ես կարծում եմ, որ քանի դեռ պատասխաններ չեն գտնվել, այս խնդիրը տարիներ շարունակ կմնա քաղաքական օրակարգում: Այս հանձնաժողովը կարող է կատարել շատ կարևոր աշխատանք, եթե գործի ոչ թե քաղաքական մոտիվներով ուղղորդված, այլ այն պատասխանատվությամբ, որը դրվելու է իր վրա»,-ասաց Դավիթ Հարությունյանը’ միաժամանակ դեմ արտահայտվելով հանձնաժողովում անկախ պատգամավորների ընդգգրկմանը:

«Հանձնաժողովի կազմը պետք է լինի հավասարակշռված: Մենք քննարկել ենք այս հարցը և որոշել, որ այս հանձնաժողովի կազմավորման ձևաչափը կրկնի Էթիկայի հանձնաժողովի կազմավորման ձևը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

2008թ.-ի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության և ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Արամ Մանուկյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում