Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ Հանրապետական խմբակցության պատգամավորների նախագծի ընդունումից

ՀՀ կառավարությունը քննարկեց Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ թեև առաջարկվող փոփոխությունները համահունչ են քաղծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն խնդիրն այն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա փոխվարչապետը մշակում է միասնական կոնցեպտ: «Այնպես որ, մի կողմից ընդունելի է, մյուս կողմից, քանի որ նոր կոնցեպտ է մշակվում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ, քանի որ նոր օրենքով այս ամենը կարգավորվելու է միասնական»,- ասաց նա:

Օրենքի ընդունմամբ ակնկալվում էր, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները և պարգևատրումներն էլ կկատարվեն ըստ այդմ, ինչպես նաև կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում