«Մարտի 1-ի» էջը չի փակվելու.ՀՀԿ պատգամավոր

«Չեմ կարծում, որ «Մարտի 1-ի» ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումն այն նետված ձեռնոցն է, որը բացահայտելու է «Մարտի 1-ին» կատարված սպանությունները, ավելին’ ամեն մեկը փորձելու է իր կաշին փրկել, մեղքի իր բաժինը թեթևացնել, մեկը մյուսին սևացնել, ասել, որ իրենք մեղավոր չեն, ուրիշ տեղ փնտրեք մեղավորներին»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը’ «Մարտի 1»-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ:

«Բոլորը խոսում են Մարտի 1-ի էջի բացված կամ փակված լինելու մասին»,- ասաց նա ու հավելեց` «Ես դեմ չեմ բացահայտմանը, ընդհակառակը, պահանջատեր եմ, բայց ԱԺ-ն կարո՞ղ է հարցին բարոյական լուծում տալ, բայց արդյո՞ք «Մարտի 1-ի» զոհերի հարազատները մեզնից հերթական բարոյական լուծումն են ուզում, երբեք, այդ մարդիկ բարոյական լուծում չեն ուզում, նրանք ուզում են իմանալ՝ ո՞վ է կրակել իրենց որդուն, ո՞վ է սպանել իր որդուն, և եթե մենք ստեղծում ենք մի նոր հանձնաժողով, որպեսզի այդպիսով լավամարդ լինենք տասը զոհերի հարազատների առջև, ապա, կներեք, ես այդ հարցում չկամ: Ես կարծում եմ, որ սա ճիշտ չէ, սա ազնիվ չէ»,-նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորը:

Վրեջինս նշեց նաև, որ  եթե անգամ դատաիրավական համակարգով, օրենքի ողջ խստությամբ բացահայտվեն բոլոր մեղավորները և դատապարտվեն, նույնիսկ այդ դեպքում «Մարտի 1-ի» էջը չի փակվելու, որովհետև այդ տասը զոհերի արյունը մեր բոլորի խղճի վրա է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում