Գյումրիում մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային երաժշտական փառատոնը

Գյումրիում մեկնարկեց երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային հինգերորդ մրցույթ-փառատոնը, որի գլխավոր հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Վերածնունդ» մրցույթ-փառատոնն անցկացվում է «Գյումրին’ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում: Այս տարի միջոցառումը նվիրված է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին և Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Այս մասին հայտնում են ընկերության մամլո ծառայությունից:

Երաժշտական մրցույթին մասնակցելու է 2415 երաժիշտ-կատարող’ աշխարհի 30 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Վրաստան, Իրան, Իսրայել, Ավստրիա, Լատվիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա): Ժյուրիի կազմում են հանրահայտ կատարողներ, նշանավոր արվեստագետներ:

Արդեն 5 տարի երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը համարվում է Հայաստանի երաժշտական աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը, որն օժտված պատանի և երիտասարդ երաժիշտներին հնարավորություն է տալիս ստանալու համընդհանուր ճանաչում և հիմք է հանդիսանում հաջող կարիերայի համար: Հայաստանում մրցույթ-փառատոնը մշակութային կյանքի առավել նշանակալից իրադարձություններից մեկն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում