ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը Հայաստանում լայն սպառման ապրանքների թանկացման չի հանգեցնի
Նմանատիպ
Եվրասիական տնտեսական միության ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ չեն կանխատեսվում: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Նա նաև հստակեցրեց, որ ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը:
-Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Եվրասիական տնտեսական միության միասնական սակագների արդյունքում Հայաստանում էական թանկացումներ են սպասվում: Որքանո՞վ են նման լուրերը համապատասխանում իրականությանը:
-«2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրին կից հավելված 4-ով ամրագրված զգայուն ապրանքների ցանկի մասով հայկական կողմը առաջարկել է 2015-2025թթ. մինչև 10 տարի անցումային ժամանակահատվածում կիրառել ԵԱՏՄ միասնական մաքսային սակագներից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր: Մասնավորապես` 752 ապրանքատեսակների հանդեպ` Մաքսային միության միասնական սակագներից ցածր մաքսատուրքեր: 18 ապրանքատեսակների հանդեպ` ավելի բարձր դրույքաչափեր (գյուղատնտեսական մթերքների համար):
Միաժամանակ, նշենք, որ ՀՀ տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված է նախատեսվել հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների (միս, մսամթերք, դեղամիջոց), արդյունաբերության համար հումք հանդիսացող ապրանքների (պոլիմերային հումք, փայտանյութ), էներգակիրների, տրանսպորտային միջոցների համար:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամակցությունից հետո 2016 թվականին ընդամենը 8 ապրանքատեսակի մասով է միացել ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և միայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2% (ապրանքի անվանումն է՝ մեկուսացված հաղորդալարեր), իսկ 2017 թվականին ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին միացել է ևս 8 ապրանքատեսակի մասով, որից 4 ապրանքատեսակի մասով պահպանվել է ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը, 3 ապրանքատեսակի մասով արձանագրվել է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 3% (ռետինե խցիկներ ավտոմեքենաների համար, ապակյա շշեր 015-033լ համար), սակայն 1 ապրանքատեսակի մասով արձանագրվել է ՀՀ համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափից 3.5% ցածր դրույքաչափ:
Ինչ վերաբերում է 2018 թվականին, ապա հարկ է նշել, որ ՀՀ պետք է միանա ԵԱՏՄ միասնական մաքսատուրքի դրույքաչափերին 14 ապրանքատեսակի մասով, որից 7 ապրանքատեսակի մասով պահպանվելու են ՀՀ-ի համար նախկինում գործող մաքսատուրքի դրույքաչափերը և 7 ապրանքատեսակի մասով արձանագրվելու է մաքսատուրքի դրույքաչափի բարձրացում ընդամենը 2%-ից 3%-ի չափով (ապրանքի անվանումն է՝ պահածոյացված ձուկ, թառափազգիների ձկնկիթ, սննդի մեջ օգտագործվող պիտանի խառնուրդներ, մարդկային արյուն, կապար):
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր: Մասնավորապես, սպառողական գների ինդեքսը 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական կազմեց 103.7, իսկ 2016 թվականին՝ 98.6: Ընդ որում, գների մակարդակի աճ չարձանագրվեց նաև արտաքին առևտրի ինդեքսների մասով (Արտահանման միջին (միավոր արժեքի) ԳԻ – 2015 թվականին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճողական 97.1, 2016 թվականին՝ 94.2, իսկ ներմուծման միջին (միավոր արժեքի) ԳԻ՝ 104.2 և 94.2 համապատասխանաբար):
-Այս ամենից կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանում թանկացումներ չեն սպասվում:
-Այո, վերոնշյալը վկայում է այն մասին, որ ինչպես անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չեն արձանագրվել առաջին անհրաժեշտության և լայն սպառման ապրանքների զգալի թանկացումներ, այնպես էլ առաջիկայում, ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ պայմանավորված, նման միտումներ չեն կանխատեսվում: Ներմուծման մաքսատուրքերի բարձրացման պարագայում ակնկալվող դրական միտումներից կարելի է առանձնացնել այն, որ կապահովվեն հայրենական արտադրողների գնային առավելությունները ներքին շուկայում՝ պայմաններ ստեղծելով տեղական արտադրության ծավալների աճի և նոր ապրանքատեսակների արտադրության համար, ինչպես նաև նպաստելով ներմուծման փոխարինմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում