Ինչի համար էր գնացել Մոսկվա. խմբագրական

«Առավոտի» այսօրվա խմբագրականում գրված է. «Ի՞նչ է հայտնի Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցի մասին: Եթե մի կողմ թողնենք ամեն տեսակի ենթադրություններն ու մեկնաբանությունները, ապա կարելի է ասել, որ առավել հավաստի աղբյուրներն են ինքը’ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ամենամոտ քաղաքական շրջապատը: Իր’Մոսկվա գնալու մասին «Ժառանգության» առաջնորդը տեղեկացրել էր ապրիլի 9-ի հանրահավաքում’ հայտարարելով, որ պատրաստ է գնալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ’ «հետ բերելու հայ ժողովրդի հաղթանակը»: «Պարոն Պուտին, դուք դարձի եք գալու, գալու եք այս հրապարակ և ողջունեք այս ժողովրդին»,- Ազատության հրապարակում ասել էր Րաֆֆի Հովհաննիսյանը: Երեկ, սակայն, նրա կուսակցության հայտնի դեմքերը’ Արմեն Մարտիրոսյանը եւ Ստեփան Սաֆարյանը, արեցին իրար հակասող հայտարարություններ. մեկը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնացել «մասնավոր այցով», մյուսը հակառակը’ հայտարարեց, որ նախագահի նախկին թեկնածուն ՌԴ մայրաքաղաք է մեկնել այդ երկրի պաշտոնական շրջանակների հրավերով: Այդ երկու քաղաքական գործիչների մեկնաբանությունների հակասությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինչպես հացադուլ հայտարարելիս, հանրահավաքներ, երթեր կազմակերպելիս, այնպես էլ արտասահմանյան ուղևորությունների մեկնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը որոշումներն ընդունում է միանձնյա, ոչ մեկի հետ չխորհրդակցելով և ոչ մեկին իր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղյակ չպահելով: Ամենաընդունելին, իհարկե, Արմեն Մարտիրոսյանի բացատրությունն է’ մարդը ընտանիքով գնացել է Մոսկվա իր անձնական գործերով, այստեղ հրապարակավ քննարկելու նյութ չկա: Բայց նույնիսկ այս դեպքում ապրիլի 9-ի «երդմնակալությունից» և «նոր Հայաստան» ազդարարելուց անմիջապես հետո պետք էր հանրությանը պաշտոնապես տեղյակ պահել այդ մասնավոր այցի մասին’ ասեկոսեներից և չարակամ մեկնաբանություններից խուսափելու համար:
Մնացած բոլոր տարբերակներն ավելի անհասկանալի են: Ի՞նչ է նշանակում, օրինակ, Պուտինին այցելելով «հետ բերել հայ ժողովրդի հաղթանակը»: Պուտինը, որն, ի դեպ, երեկ Ուլան-Ուդեում էր, պետք է գրավոր հավաստիացնի, որ նա սխալվե՞լ է, և Հայաստանի իրական նախագահը Րաֆֆի Հովհաննիսյա՞նն էր: Կամ այսօր բանավոր կհայտարարի դա Ազատության հրապարակո՞ւմ: Ժամանակը չէ՞ հրաժարվել մշուշոտ, պոետիկ ձևակերպումներից, փոխաբերական, խորհրդանշական իմաստներից և խոսել ավելի պարզ, հասկանալի լեզվով:Երբ ինչ-որ բան ասվում է բանավոր, մանավանդ’ հարթակից, էմոցիաների ազդեցության տակ, կարող է շատ գեղեցիկ և նույնիսկ բավականին տրամաբանական թվալ: Բայց երբ նույն տեքստը ձայնագրում ես, վերծանում և հանձնում ես թղթին, տպավորությունդ կարող է փոխվել: Դուք էլ փորձեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում