ՀՀ-ն և ՌԴ-ն համագործակցության բացառիկ ձևաչափ ունեն. Կոնստանդին Կոսաչև

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևը Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության լայն դաշտ է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում Կոնստանդին Կոսաչևն ընդգծել է, որ Հայաստանը և Ռուսաստանը համագործակցության բացառիկ ձևաչափ ունեն, որի վեկտորը որոշում են երկու երկրների ղեկավարները: «Մենք համագործակցության լայն դաշտ ունենք»,- ասել է նա:

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի համատեղ նիստերը ինտենսիվ ձևաչափ են, որոնք հնարավորություն են տալիս ուղիղ երկխոսություն տանել երկկողմ և միջազգային օրակարգի ամենատարբեր հարցերի, եվրասիական ինտեգրացիայի շուրջ:

Նիստի մասնակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համագործակցությունը կոորդինացնելու, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիայի գործընթացում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հետ կապված հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում