Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին խառնվել է Արա Աբրահամյանը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ իր որդու և տիկնոջ հետ մեկնել է Մոսկվա: Պաշտոնապես հայտնեցին, որ այցը մասնավոր է: Այս իրավիճակը հետաքրքիր է այն առումով, որ Րաֆֆին մշտապես ընկալվել է որպես ամերիկյան ուղղվածության գործիչ: Եվ առաջնային հարցը, որ հետաքրքրում է բոլորին, այն է’ ինչո՞ւ է նա մեկնել Մոսկվա, ո՞ւմ հետ պետք է հանդիպի, և ո՞վ է կազմակերպել այցը: «Ժոդովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցել են, որ երեկ’ մինչև 21:00-ն, Ր. Հովհաննիսյանը պաշտոնական կամ քաղաքական որևէ հանդիպում չէր ունեցել: Նույն աղբյուրները բացառել են, որ ՌԴ նախագահի աշխատակազմից հնարավոր է որևէ մեկն ընդունի Հովհաննիսյանին: Բայց որպեսզի նրա մոսկովյան օրը չկորչի, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործին խառնվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մոսկվայից թերթին հուշել են, որ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երկար տարիներ եղել է Սանկտ-Պետերբուրգում ՀՀ հյուպատոսը և, բնականաբար, մերձ հարաբերություններ ունի Արա Աբրահամյանի հետ: Իսկ թե վերջինս ում հետ կարող է «հանդիպեցնել» Ր. Հովհաննիսյանին, առայժմ անհայտ է: «Մնաց «ինչո՞ւ» հարցի պատասխանը, որը թերևս ամենապարզն է. Ր. Հովհաննիսյանն իր այցով փորձում է ցույց տալ ՌԴ իշխանությանը, որ իր հետ ևս կարող են «աշխատել»: Այսպիսով’ այսօր’ տիեզերագնացների միջազգային օրը, Ր. Հովհաննիսյանը կվերադառնա Երևան: Եվ քաղաքում պտտվող լուրերի համաձայն’ մինչ իր ժամանումը, Ազատության հրապարակում հավաքվածներին «տիրություն կանի» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը»,- եզրափակել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում