Հայ գեղասահորդները պայքարում են օլիմպիական վարկանիշի համար
Նմանատիպ
Սեպտեմբերի 28-30-ը, Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում ընթանում է Nebelhorn Trophy 2017 գեղասահքի միջազգային մրցաշարը, որը գեղասահորդների համար վերջին հնարավորությունն է 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրեր ստանալու համար:
Սեպտեմբերի 29-ին ավարտվեց մենասահորդների մրցապայքարը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Սլավիկ Հայրապետյանը: Մեր մարզիկը կարճ (60.25) եւ կամավոր (119.73) ծրագրերի արդյունքում վաստակեց 179.98 միավոր եւ 26 մասնակիցների շարքում զբաղեցրեց 12-րդ տեղը: Տղամարդկանց մրցապայքարում խաղարկվում էր 6 ուղեգիր:
«Սլավիկն այնքան էլ հաջող չկատարեց կարճ ծրագիրը, իսկ ահա կամավորում հրաշալի ելույթ ունեցավ, սակայն մրցավարներն անամոթաբար ցածրացրին տղայի գնահատականները: Մենք շատ հուսահատված ենք: Հերթական անգամ մրցավարներն օգտվում են այն հանգամանքից, որ մրցավարական կազմում մենք չունենք մեր ներկայացուցիչը»,- Օբերսդորֆից ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացայի նախագահ Մելանյա Ստեփանյանը
Մենասահորդուհիների և պարային զույգերի պայքարում մասնակցիները հանդես են եկել կարճ ծրագրում: Անաստասիա Գալուստյանը 34 մարզուհիների մեջ դեռ 15-րդն է: Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ երկյակը ութերորդն է 18 զույգերի մեջ:
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, գեղասահորդները հանդես կգան կամավոր ծրագրում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում