Էժան խոզի միս՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց

Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ական ձայներ հավաքելու բաղադրատոմսը, պարզվում է, այնքան էլ բարդ չէ։ Վերցնում ենք անձնագիրը, մեկ կգ խոզի մսի համար պատրաստում 1800 դրամ, գնում Աջափնյակ, մտնում խանութ ու գնում խոզի միս՝ էժան, արագ, որակով, վերջում էլ քվեարկում ԲՀԿ օգտին։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։

«Աջափնյակի թիվ 6 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ըստ մեր աղբյուրների, Աջափնյակի մի շարք խանութներում էժան գնով խոզի միս է տալիս, որը վաճառվում է հետեւյալ պայմանով՝ գնորդն իր անձնագրային տվյալները կտա եւ կխոստանա առաջիկա ընտրություններում իր քվեն տալ ԲՀԿ-ին։ Ի դեպ, այս նախընտրական «ճկուն ակցիային» կարող են մասնակցել եւ 1800 դրամանոց խոզի միս ուտել միայն Աջափնյակի բնակիչները։

Վերոնշյալ լուրերի վերաբերյալ «Իրավունքը» դիմեց ԱԺ ԲՀԿ խբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանին. «Ես այդպիսի տեղեկատվություն չունեմ եւ հակված չեմ հավատալու այդ ասեկոսեներին»։

Ինչեւէ, եթե այս ամենն իրականություն է, տրակտորներից անցումը խոզի մսին, պետք է ընդունել, որ կրեատիվ մոտեցում է ԲՀԿ-ի կողմից»,- գրում է«Իրավունքը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում