Ջոն Մալկովիչն անհամբեր սպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը Երևանում կմասնակցի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը, որը կայանալու է հոկտեմբերի 11-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Փառատոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր նա տեսաուղերձ է հղել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին ու երևանյան համերգի հանդիսատեսին.

«Բարև Սերգեյ, Ջոն Մալկովիչն է: Ես հիմա անձրևոտ Սան Սեբաստիան քաղաքում եմ, լավագույն երկրներից մեկում՝ Իսպանիայում: Շուտով Ձեզ կտեսնեմ, անհամբեր սպասում եմ: Մենք Երևան ենք գալու հոկտեմբերի 9-ին, իսկ շոուն հոկտեմբերի 11-ին է: Իսկապես անհամբեր սպասում եմ: Հուսով եմ՝ շուտով կհանդիպենք: Ցտեսություն»:

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ Ջոն Մալկովիչը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։ Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։

Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։ Համերգային ծրագիրն ունենալու է հետաքրքիր ձևաչափ՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։

Մինչև դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարներն Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակներում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլոք։

Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում