Պատանի հանդիսատեսի թատրոնի 88-րդ թատերաշրջանը կբացի Մարիա Կլարա Մաշադուի «Փոքրիկ ուրվականը» ներկայացումը

Երևանի քաղաքապետարանի պատանի հանդիսատեսի թատրոնի 88-րդ թատերաշրջանն այս տարի կբացվի սեպտեմբերի 30-ին կայանալիք Մարիա Կլարա Մաշադուի «Փոքրիկ ուրվականը» ներկայացումով։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանը: Տեղեկացնում է  iravunk.com-ը։

Նրա փոխանցմամբ` տևական ընդմիջումից հետո Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» կրկին բեմում կլինի` նոր կազմով: Այն ՊՀԹ-ում բեմադրվել էր 2008 թվականին: «Ներկայացումը ընկերության, ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների մասին է: Արդիական է, և այդ մասին անհրաժեշտություն կա խոսելու բեմից: Հաջորդ տարի հավանաբար բեմ կվերադառնա Րաֆֆու «Խենթը» ևս»։

Դ. Հարությունյանն ասաց, որ ինչպես այս տարի, այնպես էլ 2018 թվականին թատրոնում մի շարք նոր բեմադրությունների պրեմիերաներ են սպասվում։ «Մաշադուի «Փոքրիկ ուրվականը» ներկայացման ռեժիսորը` թատրոնի դերասան, Արման Միրիջանյանն է, ով այս դեպքում հանդիսանում է նաև որպես օրիգինալ երաժշտության և երգերի խոսքերի հեղինակ:Բավականին հետաքրքիր երաժշտական ներկայացում է ստացվել:

Բացի այդ, թատրոնում ևս մեկ ներկայցման փորձեր են ընթանում: Խոսքը Ազատ Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը» ներկայացման մասին է (բեմադրիչ` Եղիշե Խերանյան). սեղանի շուրջ աշխատանքներն արդեն սկսված են»: 

Խոսելով առաջիկա անելիքների մասին` Դ. Հարությունյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերին թատրոնի բեմ կբարձրանա ամանորի հեքիաթ-ներկայացում ևս։ «Առաջիկա անելիքները շատ են: Անպայման հրավիրվելու են այլ ռեժիսորներ նույնպես: Ուստի կլինեն նոր գործեր, նոր ձեռագրեր: Արդեն տարվում են բանակցություններ. աշխատանքների մեկնարկը կտրվի 2018թ.-ից»։

Դ. Հարությունյանը նաև ասաց, որ թատրոնում որոշ բարեփոխումներ են նախատեսվում. «Վերանայման է ենթակա թատրոնի խաղացանկային քաղաքականությունը, լուծումների են սպասում ստեղծագործական կազմի ռեսուրսներին, տեխնիկական ապահովման, արտադրական մասին առնչվող հարցեր։ Կան գաղափարներ, կապված թատրոնի շենքի արտաքին և ներքին հարդարման, լուսավորման հետ։ Պատրաստվել է նոր տարբերանշան, նոր ոճի ազդագրեր: Պատրաստման փուլում է գտնվում թատրոնի պաշտոնական կայքը: Թատրոնի ճեմասրահները ևս ենթակա են փոփոխությունների, որոնք միտված կլինեն հնարավորինս թատերային մթնոլորտ ապահովելուն: ժամանակի խնդիր է, որի իրականացման համար, անշուշտ, անհրաժեշտ են ֆինանսական ներդրումներ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում