Արման Սաղաթելյանը՝ «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմի ստեղծման մասին

«Ժողովուրդն» անդրադարձել է «ՊանԱրմենիան մեդիա» գրուպ-ի նկարահանած «Արաբական գարնան սիրիական աշունը» ֆիլմին և զրուցել է ֆիլմի հեղինակ «ՊանԱրմենիան մեդիա» գրուպ-ի փոխտնօրեն, «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրեն Արման Սաղաթելյանի հետ:

«Ֆիլմը ստեղծելու գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ մեր ռուսաստանյան գործընկերները, քննարկելով պատերազմական թեման, ռեպորտաժ էին պատրաստել Հալեպից, սակայն այնտեղ ապրող հայերի և եկեղեցիների մասին ոչ մի խոսք չկար»,-նշել է Սաղաթելյանը:

«Մեկնելիս սեփական անվտանգության մասին չէի՞ք անհանգստանում», հարցին Ա. Սաղաթելյանը պատասխանել է. «Ինձ համար նորություն չէր մարտական գործողությունների իրավիճակում, շփման գծում հայտնվելը, ինչպես նաև նման իրավիճակում նկարահանումներ և տեղեկատվական աշխատանքներ կատարելը: Ես այս հարցում փորձ ունեմ: Չնայած շատ անգամ փորձն էլ չի կարող քեզ փրկել: Դու երբեք չես կարող գուշակել, թե հրթիռը որտեղ կընկնի, երբ են սկսվում և երբ ավարտվում մարտական գործողությունները»:

Դիտարկմանը, թե ֆիլմում երևում է, որ հանդիպել եք սիրիահայերին, ինչպիսի՞ն էր նրանց վիճակը այդ պահին, Արման Սաղաթելյանը պատասխանել է. «Դե պատկերացրեք, երկար ժամանակ ապահով երկրում նորմալ սոցիալական կարգավիճակ ունենալուց հետո պատերազմ է սկսվում: Հասկանալի է, որ առաջանում են մի շարք հոգեբանական խնդիրներ’ չհաշված ենթակառուցվածքային, ջրային, սննդային և այլն: Ես զրույց ունեցա նաև դպրոցներից մեկի երեխաների հետ: Նոր գյուղում իրենք ունեցել են շատ մեծ բակով, խաղահրապարակով, մարզադահլիճով դպրոց ու հանկարծ հայտնվել են մի փոքրիկ շենքում: Պարզ է, որ այն ամենից հետո, ինչ իրենք ունեցել են, սա իրենց համար սթրես է: Ես էլ նրանց պատմեցի, որ սա ամենավատ տարբերակը չէ, քանի որ իրենք ունեն հոսանք, օդափոխիչ, ուսուցիչ, իսկ իրենց հասակակիցները 1992-1993թթ. արցախյան ռմբակոծությունների ժամանակ իջնում էին դպրոցի նկուղ ու այնտեղ անտանելի պայմաններում դաս անում: Ես նրանց ասացի, որ իրենց հասակակիցների համեմատ և այն ամենի, ինչ տեսել է Արցախը, իրենց պայմանները կարելի է ճոխություն համարել: Նրանք, բնականաբար, չգիտեին այդ մասին»,-նշել է Սաղաթելյանը’ հավելելով, որ փոքրիկ տեսախցիկ էր վերցրել, որպեսզի հնարավորություն ունենար առանց օպերատորի աշխատել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում