Ինչու «Չենք լռելու»-ն սկսեց խոսել

 «Չենք լռելու» նախաձեռնությունը ապրիլի 10-ին «Յութուբ» ցանցում զետեղել է մեկ րոպե տեւողությամբ մի տեսահոլովակ. տեսահոլովակում պատկերված է մեկ տարի առաջ՝ 2012թ. ապրիլի 24-ին արձանագրված դեպք։ Իսկ «դեպքն» էլ այն է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հոգեհանգստյան ծիսակարգի ընթացքում, «Տէրունական աղօթքը» ասելիս, չի արտասանում «…որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց» արտահայտությունը։ Այս մասին գրում է «Հայոց աշխարհը»:

Եվ ահա, տեսանյութով արձանագրված այդ դիպվածը սոցցանցերում, անգամ մամուլում «համազգային» քննարկման առիթ ու առարկա է դարձել։
«Փաստորեն պիտի երկու անգամ ավելի հաճախ ասենք «Հայր մեր»-ը, որ ամեն բակում մի երկու-երեք հատ մարդակուլ խարույկ չի մխում, իսկ վարչական շրջանների հրապարակներն էլ «զարդարված» չեն ցից հանված հերետիկոսներով: Կամ էլ, «ազգովի» պրեզիդենտ, դատախազ, դատավոր, վարչապետ, հավաքականի մարզիչ ու լրագրող լինելուց հետո, երեւի իսկապես «ազգովի» կաթողիկոս կամ գոնե տերտեր դառնալու հերթն էր: Ափսոս, որ ազգովի նույնչափ չենք ուզում պետություն լինել:

Իսկ որտե՞ղ եւ ե՞րբ է վրիպումը տեղի ունեցել։ Ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, Անմար կրակի մոտ։ Հնարավո՞ր է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հուզված է եղել այդ պահին, ինչպես ամեն մի նորմալ հայ մարդ է հուզվում ա՛յդ օրը, ա՛յդ վայրում։

Այո, ծիսակարգը մնում է ծիսակարգ։ Բայց դրանից բարձր բաներ էլ կան։
Ի՞նչ է ստացվում։ Մեկ տարի առաջ կաթողիկոսը, հուզված լինելու կամ մարդկայնորեն ընկալելի որեւէ այլ պատճառով, վրիպել է։ Ու հայտնվել են մարդիկ, որ 37 թվին նաեւ հայ հոգեւորականների դեմ «ստուկաչություն» անողների պես կամ նրանց հոգեթոռները լինելով, մի ամբողջ տարի իրենց մաղձատոպրակում մտապահել են այդ դրվագը։ Լռել ու պապանձվել են, ծպտուն չեն հանել։

Եվ հիմա, կատարվածից մեկ տարի անց, մեկ էլ, հո՛պ, «կոմպրոմատը» դրել են շրջանառության մեջ։ Բա եթե այդպես «չլռողներ» էիք, մի տարի, կես տարի առաջ մի բան ասեիք, ինչո՞ւ էիք պապանձվել։
Թե՞ ուղղորդիչներին հենց ապրիլի 10-ին էր պետք այդ «նյութը» շրջանառել։ Ինչո՞ւ հիմա։ Պատճառները կարող են մի քանիսը լինել։ Բայց ենթադրում ենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ հիմա ձեռնարկված այս քարոզչական հարձակման հիմնական պատճառներից մեկն էլ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը Գարեգին Երկրորդի մասնակցությունը, օրհնանքը եւ ելույթն էին»,- գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում