Մոսկվան արցունքներին չի հավատում

Անդրադառնալով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցին, «Ժամանակը» մեկանաբանել է. «Բոլոր դեպքերում, պետք է արձանագրել, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է գնում, այսպես ասած, ոչ այնքան ուժեղ դիրքերում: Ապրիլի 9-ից հետո նրա հասարակական վարկանիշը բավական նկատելի հարված է ստացել, բավական թուլացել է նրա գլխավորած հետընտրական շարժումը, և այս իրողությունները անկասկած իրենց ազդեցությունը կունենան Մոսկվա կատարած այցելության ընթացքում, այնտեղ տեղի ունենալիք հանդիպումներում: Մյուս կողմից՝ հետաքրքրական է, թե արդյոք երբ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հայտարարում էր Մոսկվա այցելելու պատրաստակամության մասին, մինչև հանրությանը Բաղրամյան փողոց անսպասելիորեն ուղղելը՝ նա արդեն գիտե՞ր, որ հաստատ մեկնելու է, և ինչ հանդիպումներ է ունենալու:

Խնդիրն այն է, որ այստեղ պահն էական է, որովհետև մի բան է՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև երդմնակալության, այսպես ասած, երկրորդ կեսը՝ Բաղրամյանի հատվածը, և մեկ այլ բան՝ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ կեսից հետո: Չի բացառվում, որ Մոսկվա այցելելու պայմանավորվածություն ձեռք է բերվել, այսպես ասած, առաջին կեսի արդյունքներով, երբ Հովհաննիսյանը հավաքեց բավական նկատելի բազմություն և քաղաքացիական երդմնակալություն ունեցավ:

Չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ուժեղ դիրքում ձեռք բերելով Մոսկվայի հետ քննարկումների կամ բանակցության հնարավորություն՝ հենց դրանից իրեն էլ ավելի ուժեղ զգալով որոշեց, որ այդ հանգամանքը կարող է Հայաստանի իշխանությանը ստիպել բացել Բաղրամյան փողոցը: Արդյունքում եղավ այն, ինչ եղավ, և այսօր արդեն Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնում զգալիորեն թուլացած: Թե ինչպես հետ կգա այնտեղից՝ կերևա երևի թե ապրիլի 12-ի նրա խոստացած ծրագրային ելույթից՝ կգա ուժեղացա՞ծ, թե՞ էլ ավելի թուլացած»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում