Եթե Ր. Հովհաննիսյանը գնում է Վ. Գասպարյանի հետ, ուրեմն մենք Րաֆֆու հետ ճամփա չունենք անցնելու.Ժ.Սեֆիլյան, Ն.Փաշինյան

«Սարդարապատ» շարժումը և Նախախորհրդարանն այսօր պատրաստվում են տարածել հատուկ քաղաքական հայտարարություն՝ կապված «ռեժիմի դեմ պայքարի հետագա ճակատագրի» հետ, որը հնարավոր է ելույթի տեսքով ներկայացնեն այսօր՝ ժամը 18-ին, Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքին:

Եթե Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմը այսօրվա միջոցառումը դիտեն միայն իրենցը, այսինքն՝ «Սարդարապատի» ու Նախախորհրդարանի անդամներին ելույթի հնարավորություն չտրվի հանրահավաքի հարթակից, հայտարարությունը կտարածեն լրատվամիջոցների միջոցով:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման և Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանն՝ ի պատասխան հարցի, թե ճի՞շտ են տեղեկությունները, որ երեկ, Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա մեկնելուց առաջ «Բարև, Երևան» դաշինքի նիստին կոշտ խոսակցություն է տեղի ունեցել նրա և մյուս կողմից՝ Ժիրայր Սեֆիլյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, ովքեր ասել են, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Վլադիմիր Գասպարյանի հետ, ուրեմն իրենք Րաֆֆու հետ ճամփա չունեն անցնելու:

Իսկ հայտարարության տեքստն, ըստ ամենայնի, լինելու է ուղենշային ու սկզբունքային, և հստակեցումներ են լինելու, թե պայքարում «Սարդարապատի» ու Նախախորհրդարանի համար ո՞ր քայլերն ու սկզբունքներն են լինելու ընդունելի և որոնք՝ ոչ:

«Մենք, ինչպես և 50 օր առաջ, հայտարարել էինք, որ պայքարն ու ապստամբությունը շարունակվում է, որ ժողովրդի վրդովմունքն առկա է՝ Րաֆֆիի հետ կամ առանց Րաֆֆիի և երբեք չենք կենտրոնացել որևէ մեկ այլ անձի շուրջ»,- ասաց Տիգրան Խզմալյանը, ով , հիշեցնե՛նք, Haynews.am կայքի հետ զրույցում ասել էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական ինքնասպանություն կատարեց մեր աչքի առաջ, և որ ողբում է դրա համար ու նման բարձիթողի ելք չէր պատկերացնում:

Նշենք, որ ի պատասխան հարցի, թե իր այդ կարծիքը հավաքակա՞ն է և ներկայացնում է «Սարդարապատի» և Նախախորհրդարանի ընդհանուր մոտեցումը, և արդյոք այն կիսում է նաև Ժիրայր Սեֆիլյանը, ով այս օրերին խուսափում է լրատվամիջոցներից, Տիգրան Խզմալյանը կրկին «հղում» արեց սպասվելիք հայտարարությանը՝ ասելով. «Ես հենց այդ եմ ասում. այն, ինչ մենք մտածում ենք այս պատասխանատու պահին, կհայտարարենք հատուկ: Դա չի լինի մասնավոր կարծիք, այլ ընդհանուր որոշման արդյունք, որովհետև հասկանում ենք պահի կարևորությունը: Ու ամենակարևորն այն չէ, թե մենք ինչպես ենք վերաբերվում Րաֆֆուն կամ Րաֆֆին՝ մեզ, կարևորը այն է, որ և՛ մեզնից, և՛ Րաֆֆուց վեր կանգնած է շատ ավելի լուրջ խնդիր: Դա ազգային ազատագրական պայքարն է, որը մղում է մեր ժողովուրդը: Անունները կարող են փոխվել, պայքարի բնույթը չի փոխվում, որովհետև ոչ մի խնդիր չի լուծվել: Ոչ արտագաղթն է նվազում, ոչ որևէ տնտեսական, գաղափարական հարց է լուծվում»:

Ի դեպ, «Սարդարապատի» «ինչ ենք մտածում»-ը վերաբերում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանի մոսկովյան այցին, այսինքն՝ թե ինչ են մտածում այդ մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում