Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան

«Այսօր երկրներն առհասարակ հեշտությամբ դարձնում են երկրորդ լեզու, երրորդ լեզու պետական: Դա ոչինչ չի նշանակում: Չի նշանակում՝ լեզուն հանձնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը: Այս մասին տեղեկացնում է  Panorama.am-ը։

Նրա խոսքով, դա նշանակում է ավելի ջանք դնել սեփական լեզուն պահպանելու ուղղությամբ, եթե դրա անհրաժեշտությունը կա, իսկ եթե չկա, ինքնըստինքյան լեզուն զորավոր է, ինքն իրեն պահել գիտի:

«Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականութունից վտարելն է, այլ որ մենք տեր կանգնենք: Իսկ ես գիտեմ, որ մեր ծնողներից, հայ մայրերից շատերը փախնում են հայերենից: Խնդիրը դա է: Այդ հարցը լուծելն է խնդիրը, ոչ թե ռուսերեն, անգլերեն, չինարեն լեզվի դեմը փակելը»,- նշեց կոմպոզիտորը՝ հավելելով, որ լեզու պետք է իմանալ, անկախ նրանից՝ օրինական է, թե անօրինական, պետական է, թե ոչ:

«Մենք մշտապես կապերի ժողովուրդ ենք, քաղաքակրթության հետ հազարամյակներով տարածել ենք, մեկից տվել ենք մյուսին, մասնակցել ենք քաղաքակրթական աշխարհի կյանքին: Լեզուն մեզ համար օտար երևույթ չէ, խնդիրը նախ և առաջ ինքներս մեզ պահելն է: Թբիլիսիում քանի՞ հայկական դպրոց փակեցին, քանի որ ծնողները չէին ուզում հայկական դպրոց ուղարկել իրենց երեխաներին: Եվ այսպես շատ-շատ քաղաքներում:

Մի տեսակ «որտեղ հաց, այնտեղ կաց»- ի գաղափարով են ապրում: Լեզուն մեր ընտանիքում սրբություն էր, չէր քննարկվում, նախ և առաջ պետք է հայերենը լիներ: Բեյրութում եմ ծնվել, մայրս, հայրս անգլերեն էին խոսում: Երբ եկանք Հայաստան, իրենց երեխաները սովորեցին հայերեն, մենք մնացինք հայերենի ընտանիք, զավակ: Մեր խնդիրը սա է, ոչ թե այս կամ այն լեզվի դեմ ճանապարհը փակելը»,- ասաց Տիգրան Մանսուրյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում