Տարոն Մարգարյանը ընդունելի թեկնածու է հատկապես երիտասարդության շրջանում.Ահարոն Ադիբեկյան

«Մարգարյանը ընդունելի թեկնածու է հատկապես երիտասարդության շրջանում: Նրանից հետո որպես տարիքային բոլոր շրջանակներում ընդունելի թեկնածուն ՕԵԿ ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանն է», այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում,  ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի`Տարոն Մարգարյանն ամենաընդունելի թեկնածուն է հասարակության բոլոր տարիքային խմբերում, իսկ Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները երեւանցիները չեն ցանկանում քաղաքականացնե:

Ըստ սոցհարցումների’ «Ժառանգություն» կուսակցություն ընտրողների թիվը 37 տոկոսից նվազել է հասնելով 30-ի: Երեւանի ընտրողների 45,5 տոկոսն արդեն ասել է, որ հաստատ գնալու է ընտրության, հնարավոր է’ կգնա 8,5 տոկոսը, դեռ չի որոշել 9 տոկոսը, իսկ ընտրություններին հաստատ չի գնա 37 տոկոսը: Արդյունքում ակնկալվում է ընտրողների 63 տոկոսի ակտիվություն ավագանու կայանալիք ընտրություններում:

Անդրադառնալով ավագանու ընտրությունների թեկնածուների վարած մարտավարությանը’ Ադիբեկյանը նշեց, որ յուրաքանչյուր թեկնածու իր վարած քաղաքականությունն իրականացնելիս պետք է հաշվի առնի իր պոտենցիալ ընտրողների սոցիալ-տարիքային, կրթական, ամուսնական, ընտանեկան եկամտային կառուցվածքի առանձնահատկությունները:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում, Ադիբեկյանի տեղեկացմամբ, ընտրողները իրականացնում են հանդիպումների’ բակային, դահլիճային եւ համակցված տեսակները:

«Հանդիպումների տեսակից է կախված, թե թեկնածուն ինչ թեմաներ կարող է շոշափել: Բակերում նախընտրելի է հակիրճ անմիջական խոսակցությունը, ցանկալի է շոշափել այն խնդիրները, որոնք մտահոգում են տվյալ շենքի բնակիչներին»,- նշեց բանախոսը: Նրա խոսքով’ Մարգարյանը ապրիլի 7-ից, նախընտական քարոզարշավի մեկնարկից ի վեր ընտրել է բակային հանդիպումների ձեւաչափը, ինչը նաեւ առկա է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուների դեպքում:

Ադիբեկյանը տեղեկացրեց, որ մայիսին սոցիոլոգիական կենտրոնը կիրականացվի հետազոտություն, որը ցույց կտա այն, թե հանդիպումների ընտրված ձեւաչափի որ տեսակն է ավելի արդյունավետ թեկնածուների համար:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Քարոզարշավը կավարտվի մայիսի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում