Լինել, թե չլինել
Նմանատիպ
Մեր նոր գոյության ամբողջ ընթացքում
Հայտնի չէ՝ ո՞վ էր առանց նախանձի,
Ո՞վ էր մեզ հարմար ճանապարհ բացում,
Ո՞վ էր ջուր լցնում ի՛ր ջրաղացին…
Հանապազ հացի խնդիր չէ կյանքը.
Բազում հարցերի վերծանում է դա,
Սե՞րն է կարեւոր մարդուն, թե՞ փառքը,
Մե՞նք պիտի ճգնենք, թե՞ Տերը գթա…
Ընտրել մե՞ր ուղին, թե՞ ուրիշինը,
Ապրել գդակո՞վ, թե՞ առանց դրա,
Բախտը որոնել հի՞ն հողի վրա,
Թե՞ մեկ ուրիշ տեղ՝ մոռացած հինը…
Մեր հազարամյա, գեղեցիկ ու կուռ,
Ճոխ ու բարձրարվեստ լեզուն մոռանա՞լ,
Թե՞, ճիգ տքնանքով, աշխարհին ի լուր,
Հին իմաստության խորանը բանալ…
Ձեռք – ձեռքի՝ որպես նորօրյա Փյունիկ,
Ճախրել երկնքու՞մ մեր Բիբլիական,
Թե՞, նորից ու նոր դառնալ անտունի՝
Մոռացած, որ մենք զարմերն ենք Հայկյան…
Նոյի հանգրվան Սուրբ Արարատի,
Պատկե՞րը միայն պահենք սրբորեն,
Թե՞, աչքը հենած Ձյունե ճակատին,
Երկիրն Ավետյաց ծաղկեցնենք նորեն…
Իմաստություն կա հնօրյա հարցում.
Լինե՛լ:
Իհա՛րկե`
Գերի՛ն չենք հարցի,
Բայց արարելով մե՛ր ջրաղացում,
Աչքն Արարատի՛ սուրբ այգաբացին:
Սեյրան ՄԱԼԽԱՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում