Ապրիլի 9-ի գործողություններում ոստիկանների պահվածքում առանձնապես արտառոց բան չկար.Գ. Ջհանգիրյան

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչու չի մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը, ասաց, որ ՀԱԿ-ը նախապես հայտարարել էր, որ չէր մասնակցելու դրան:

Նրա խոսքով «Ժառանոգւթյան» շարժման և նրանց առաջնորդի գործողություններում քայլերի տրամաբանական հաջորդականություն չկար, այդ պատճառով էլ ՀԱԿ խմբակցությունը և անձամբ ինքը  չեն մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի «Նոր Հայաստանի» երդմնակալությանը: 

«Մեր ընկերները, մեր պայքարի ընկերները, որոնք հրապարակ էին գնում, ինձ էլ էին առաջարկում անպայման գնալ և մասնկացել այդ հավաքներին: Ես, ճիշտն ասած, չէի տեսնում «Ժառանգության» առաջնորդող այդ շարժման, և հատկապես՝ նրա ղեկավարի գործողություններում որևէ տրամաբանական քայլերի հաջորդականություն»,-ասաց Ջհանգիրյանը:

Վերջինս, անդրադառնալով ոստիկանների կողմից իրականացված գործողություններին, ասաց, որ ինքն այդտեղ որևէ արտառոց բան չի տեսել:

«Եթե դուք համեմատեք ՀԱԿ-ի 2010-11թթ. բոլոր երթերն ու հավաքները, կտեսնեք, որ ցանկացած հավաքի ժամանակ նմանատիպ դեպքեր տեղի ունեցել են: Ես արտառոց ոչինչ չեմ տեսել»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես ոստիկանների իրավապաշտպանը չեմ, բայց ապրիլի 9-ի գործողություններում ոստիկանների պահվածքում առանձնապես արտառոց բան չկար»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքին, ՀԱԿ պատգամավորը նկատեց, որ հստակ չէ արդյոք Հովհաննիսյանը մերժել է իշխանությանը. «Եթե մերժել է, ինչո՞ւ է ոստիկանապետի հետ գնում աղոթելու»,-ասաց պատգամավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում