Ջոնի Մելիքյանը հորդորում է Ջավախքում տեղի ունեցած դեպքերը չդարձնել միջպետական հարաբերությունների հիմնական գիծ

Վրացագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ Ջավախքի Գումբուրդո գյուղում ստեղծված լարված իրավիճակը կարող է կապված լինել ներքին քաղաքական գործընթացների հետ:

«Այս պահի դրությամբ, իմ կարծիքով, հարցը լուծված է: Շատ կարեւոր էր, որ ՎՀ ներքին գործերի նախարարը ակտիվ միջամտեց այդ գործնթացին, այցելեց գյուղ, նույնիսկ բանակցություններ տեղի ունեցան գյուղացիների հետ, եւ երկու գյուղացի ազատ արձակվեցին, բայց այս պահի դրությամբ հարուցված է քրեական գործ մի քանի կետերով: Եթե խոսենք սադրանքի մասին, ապա պատճառը կարող է լինել ներքին իրավիճակը: Գիտեք, որ հոկտեմբերի վերջին տեղի կունենան ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները, եւ հիմնական քաղաքական ուժերը ակտիվորեն մրցում են միմյանց հետ նաեւ Ջավախքում»,-ասաց վրացագետը:

Նա հորդորեց չմոռանալ, որ նման դեպքերն ունենում են արձագանք, որն ապահովում է նաեւ երրորդ կողմը, մասնավորապես՝ Ադրբեջանը:

«Առաջին հերթին ադրբեջանական մամուլը, ադրբեջանամետ վրացական կայքերը բավականին ակտիվ օգտագործեցին այդ փաստը՝ տարածելով նյութեր այն մասին, թե հայ-վրացական բախումներ են տեղի ունեցել, հայը մնում է հայ, ցուցաբերում է ագրեսիվություն: Նույնիսկ հայկական մամուլում որոշակի նմանատիպ շեշտադրումներ կային, ինչը սխալ է, քանի որ չի եղել հայ-վրացական բախում, այլ միջադեպ, որտեղ ոստիկանությունը փորձել է լուծել հարցերը, եւ եղել է ուժի կիրառում: Ըստ իս՝ երկու կողմերն էլ մի փոքր չափն անցել են»,-նշեց նա:

Վրացագետի խոսքով՝ Վրաստանում կոթողների հետ կապված հարցերը լուծվում են նախեւառաջ եկեղեցիների միջեւ:

«Առաջին հերթին Վիրահայոց թեմի առաջնորդը և Ուղղափառ եկեղեցու առաջնորդն են, քանի որ դա Վրաստանի տարածքն է, իսկ Վրաստանում ապրում են հայեր, նրանց առաջնորդը Վիրահայոց թեմի առաջնորդն է: Այդ իսկ պատճառով, Հայաստանն այստեղ երրորդ կողմ է, որը փորձում է նաեւ ժամանակ առ ժամանակ իր ծառայությունները մատուցել եւ ինչ-որ չափով աջակցել այդ գործընթացին»,- նշեց Ջոնի Մելիքյանը՝ շեշտելով, որ Հայաստանը, իհարկե, պետք է ակտիվ լինի եւ փորձի կողմերին բերել քննարկումների սեղանի շուրջ՝ թույլ չտալով, որ նման դեպքերը դառնան միջպետական հարաբերությունների հիմնական գիծը:

Նրա խոսքով՝ Հայաստանը եւ Վրաստանն ունեն բարիդրացիական հարաբերություններ, ինչի մասին վկայում են թե՛ Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության այցը Վրաստան, թե՛ Բավրայի նորակառույց անցակետի բացումը:

«Մենք պետք է հասկանանք, որ միջպետական հարաբերություններն այսօրվա դրությամբ շատ դինամիկ զարգանում են, եւ կան հարցեր, որոնք լուծելի են: Երկու կողմերն էլ միշտ դա շեշտում են, որ չկան լուրջ խնդիրներ, այլ պարզապես կան հարցեր, որոնք պետք է երկու կողմերի ջանքերով լուծվեն»,-եզրափակեց վրացագետը:

Ջավախքի հայկական եկեղեցիներից մեկի բակում սեպտեմբերի 30-ին հայ բնակիչները ցանկացել են խաչքար տեղադրել, սակայն ոստիկաններն արգելել են։ Բնակիչների և ոստիկանների միջև լարվածությունն աճել է, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանական ուժերը ծեծի են ենթարկել հայ գյուղացիներին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում