Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի ԱԷԿ-ի արդիականացման համար
Նմանատիպ
Չեխական արտահանման բանկը մտադիր է երաշխիք տրամադրել Հայաստանի Մեծամորի Ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար, որն իրականացնում է չեխական «Škoda JS» ընկերությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով Չեխական ռադիոյին:
«Մեծամորի ՀԱԷԿ-ին բարձր ավելացված արժեքով մասնագիտացված տեխնոլոգիաների մատակարարման համար Չեխական արտահանման բանկը կտրամադրի երաշխիք շուրջ մեկ միլիոն դոլարի չափով: Այդ պատվերը մեծ հաջողություն է չեխական էներգետիկ ոլորտի և Չեխական արտահանման բանկի համար: Սա բանկի համար Հայաստանի տարածքում պատմական առաջին առևտրային գործարքն է»,– ասել է Չեխական արտահանման բանկի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Կարել Բուրեշը:
«Խոսքը ռեակտորի շարժիչի կառավարման համակարգի մատակարարման մասին է»,– հստակեցրել է «Škoda JS»-ի ներկայացուցչության ղեկավար և գլխավոր տնօրեն Յոզեֆ Պերլիկը` նշելով, որ նման համակարգեր արդեն տեղադրել են Չեխիայում, Սլովակիայում: Ներկայում էլ իրականացվում է նման համակարգի մատակարարում Հունգարիա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում