ՀԱԿ-ը ամեն ինչ կանի ընտրախախտումները կանխելու համար.Զոյա Թադևոսյան

Հայ ազգային կոնգրեսը Երևանի ավագանու ընտրություններում ամեն ինչ կանի ընտրախախտումները կանխելու համար: Այս մասին ապրիլի 12-ին հրավիրված ասուլիսում ասաց ՀԱԿ անդամ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադևոսյանը: «Եթե 5 տարի առաջ մենք հանձնաժողովում չունեինք վստահելի, բանիմաց ու անկաշառ կոնգրեսականներ, ապա այս տարի ունենք այդպիսիք: Սակայն ընտրությունները չկեղծելը միայն մեր խնդիրը չէ, բոլոր քաղաքական ուժերը պետք է անեն դա»,-  ասաց Զոյա Թադևոսյանը:

Նա նշեց, որ պետք է պայքարել արդար ընտրությունների համար և դա անել երդում տալու նման: Թադևոսյանը վստահ է’ եթե չկեղծվեն ընտրությունները, յուրաքանչյուրը կստանա իրեն արժանի ձայներ: «Երևանի քաղաքապետի ընտրությունը, որը նաև ավագանու ընտրություն է, կարծեք փոքր Ազգային ժողովի ընտրություն լինի: Ավագանու անդամները նույնպես շատ կարևոր դեր են կատարում»,- շեշտեց բանախոսը:

Թադեւոսյանը, բնականաբար, քաղաքապետի պաշտոնում ամենաարժանին ՀԱԿ-ի թեկնածու Վահագն Խաչատրյանին է համարում, քանի որ «նա բանիմաց, խելացի ու համեստ մարդ է և իր թիմով կարող է ամենալավ գործն անել»:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին, քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական (ՀՀԿ), «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը: Քարոզարշավը կավարտվի մայիսի 3-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում