Աղբահանությունը համար մեկ խնդիրն է. Արթուր Իսպիրյան

«Ես որպես քաղաքացի այսօր լինելու եմ Ազատության հրապարակում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարև Երևան» դաշինքի 8-րդ համարում ընդգրկված Արթուր Իսպիրյանը:

Վերջինս նշեց նաև, որ չի ցանակում խոսել քաղաքականությունից:

«Ես «Ժառանգություն» կուսակցության անդամ չեմ: Առաջին օրը չէ, որ ճանաչում եմ Րաֆֆի Հովհաննիսյանին և իր ընտանիքին: 10 տարի է, ինչ բարեկամներ և ընկերներ ենք, և այդ է պատճառը, որ այսօր կանգնած եմ իր կողքին»,-ասաց նա:

Երգիչը նշեց, որ շատ մտահոգ է քաղաքի խնդիրներով և, երբ իմացել է ցուցակում ընդգրկվելու առաջարկի մասին, շատ է ուրախացել.«Ես հիվանդ եմ Երևանով և համոզված եմ, որ եղած բացասական բաները կարելի է փոխել»:

Ըստ  Իսպիրյանի` Երևանում առաջնային խնդիր է համարվում աղբահանությունը:

«Աղբահանության հարցը շատ ահավոր է դառնում հատկապես ամռանը, աղբ տեղափոխելու հարցը ևս անհրաժեշտ է լուծել: Պետք է բարձրացնել այդ մարդկանց աշխատավարձը»,-ասաց նա’ հավելելով, որ իրենք ավելի շատ կարևոր բան են անում, քան որոշ պատգամավորներ:

Մյուս խնդիրներից բանախոսը առանձնացրեց տրանսպորտի, կանաչապատման, ապօրինի շինարարության խնդիրները:
Նա հույս հայտնեց, որ դեռ հնարավոր է շատ բան շտկել.«Երևանի մասին իմ երգերը 50-ականների երգեր են: Ափսոսանքով եմ երգում, սակայն ամեն ինչ կորած չէ, և Երևանը նորից ծաղկելու է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում