Աջակցություն է ցուցաբերվում ձեռնարկությունների բնականոն գործունեությանը

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Երևանի գարեջուր» ՓԲԸ կողմից արտահանված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014 թ. ապրիլի 5-ը։ Ընկերությունը շշի արտադրության կաղապարներ է արտահանել Ուկրաինա’ տարայի արտադրություն կազմակերպելու և ընկերությանը տրամադրելու համար։ Այժմ տարան արտադրվում է Հայաստանում, բայց մատակարարման ընդհատումը բացառելու նպատակով ընկերությունը խնդրում է ևս մեկ տարով երկարաձգել Ուկրաինա արտահանված կաղապարների մաքսային ռեժիմը։ Որոշման շնորհիվ աջակցություն է ստանում արդյունաբերական ձեռնարկության բնականոն գործունեությունը։ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվել է Հայաստանում արտադրվող ապակյա տարայի որակով’ վկայակոչելով որոշ վերամշակող ձեռնարկությունների այն կարծիքը, թե մեզանում արտադրվող տարայի մի քանի տեսակ դեռևս չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Խնդիրն իրոք հրատապ է, բայց տարա թողարկող ընկերություններն իրենց հերթին միջոցներ են ձեռնարկում, որպեսզի բավարարեն որակյալ տարայի պահանջարկը։

Ծխախոտի արտադրության, շուկայահանման, վաճառքի իրավական հիմքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ’ հիմք ընդունելով ոլորտի կանոնակարգման նոր օրենսդրության պահանջները, որոնք համահունչ են ԱՏԽ դրույթներին և դրանց մոտարկմանը Եվրամիության օրենսդրությանը։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջը։
Կառավարության որոշմամբ Երևանի Տիգրան Մեծի 26ա հասցեում գտնվող 507.4 քառ. մետր մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով 10 տարի ժամկետով տրամադրվել է «Նունե Եսայան» բարեգործական ՀԿ-ին։ Կազմակերպությունը մտադիր է նշված տարածքում հիմնել ուսումնական կենտրոն, որտեղ կգործեն հայոց լեզվի, մաթեմատիկայի, օտար լեզվի, երգի, պարի և համակարգչային դասընթացի անվճար խմբակներ։ Կենտրոնը երեխաներին կընձեռի նաև տարբեր արհեստներ սովորելու, մշակութային օջախներ այցելելու, անվանի մարդկանց հյուրընկալելու և ամռան արձակուրդը ճամբարներում անցկացնելու հնարավորություն։

Իր նիստում կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախորդ որոշումներից մեկում, որը վերաբերում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական կադաստրի վարմանը։ Նախատեսվում է հնարավորություն ստեղծել ապահովելու նշված հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում