Լեհ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ գրավիչ է հատկապես կրոնական զբոսաշրջության տեսանկյունից
Նմանատիպ
Lեհերի համար Հայաստանը մեծ հետաքրքրություն ներկայացնող երկիր է։
Այս մասին ասաց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։ Երկու պետությունները շատ են կարևորում զբոսաշրջության ոլորտը, և լեհ զբոսաշրջիկների համար Հայաստանը շատ գրավիչ երկիր է։
«Լեհերը հաճախակի են սկսել այցելել մեր երկիր։ Նրանց հատկապես հետաքրքրում են այն տուրերը, որոնց ժամանակ հնարավոր է մեկ այցելությամբ երկու երկիր այցելել, օրինակ՝ Լեհաստանից դեպի Հայաստան և Վրաստան։ Գործում է ուղիղ ավիաչվերթ Վարշավա-Երևան ուղղությամբ, որն իր հերթին նույնպես շատ նպաստում է զբոսաշրջության զարգացմանը»,- շեշտեց Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ արդեն մտածում են նոր ծրագրերի մասին։ Նա ասաց, որ հատկապես կրոնական զբոսաշրջության տեսանկյունից լեհերի համար Հայաստանը շատ գրավիչ է, որպես առաջին քրիստոնյա երկիր՝ հարուստ քրիստոնեական ժառանգությամբ։ Դեսպանի պնդմամբ՝ Հայաստան այցելող բոլոր լեհ զբոսաշրջիկները դրական տրամադրությամբ են վերադառնում, բլոգերներն էլ իրենց բլոգներում դրական շեշտադրումներով են խոսում ՀՀ-ի մասին։
«Մենք ունենք նաև շատ լավ քաղաքական համագործակցություն, շատ ակտիվ փոխգործակցում ենք գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում։ Մեր հայ ուսանողներն ամեն տարի հնարավորություն են ունենում օգտվել լեհական պետական կրթաթոշակից սովորելով Լեհաստանի լավագույն համալսարաններում»,- նշեց Ղազարյանը։
Մշակույթի, գիտության, տնտեսական և ռազմատեխնիկական բնագավառներում նույնպես ակտիվ փոխգործակցություն կա Հայաստանի և Լեհաստանի միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում