Ր. Հովհաննիսյանը տեղի տվեց հնչած «հիմա» կարգախոսներին և աննպատակ երթ ձեռնարկեց դեպի Բաղրամյան պողոտա

«Րաֆֆի Հովհաննիսյանն ապրիլի 9-ին մի քանի սկզբունքային սխալներ թույլ տվեց’ նա իր վրա չվերցրեց քաղաքական պատասխանատվությունը և երդմնակալության արարողությունը վերածեց թատերական ներկայացման, այսինքն, նա քաղաղաքական իր անձնական պատասխանատվությունը ռեալիզացնելու փոխարեն կոլեկտիվ երդման արարողություն ընդունեց, որը որևէ կերպ նման չի ինագուրացիային»,-անդրադառնալով հայաստանյան հետընտրական զարգացումներին, ասաել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Այս մասին հայտնում է aysor.am-ը: 

Նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղի տվեց հնչած «Հիմա, հիմա» կարգախոսներին և աննպատակ մի երթ ձեռնարկեց դեպի Բաղրամյան պողոտա: Երթն աննպատակ էր, քանի որ ակհայտ էր, որ Հովհաննիսյանը երթի հետ կապված որևէ լուրջ ծրագիր չուներ:

«Ակնհայտ երևաց, որ էքստրեմալ, ոչ ստանդարտ իրավիճակներում Րաֆֆի Հովհաննիսյանը կորցնում է կառավարելու ընդունակությունը և դրա վկայությունը կայանում է նրանում, որ նա հազարավոր մարդկանց թողեց ոստիկանության հետ մեն-մենակ և փոքր խմբի հետ ուղևորվեց Ծիծեռնակաբերդ»,-նշեց Ս. Սուրենյանցը:

Ըստ քաղաքագետի՝ իր համար անհասկանալի քայլ էր, երբ կեսգիշերին, այն պահին, երբ նախագահական նստավայրում ոչ մեկ չկար, իսկ Բաղրամյան պողոտայում մնացել էին մի քանի տասնյակ մարդիկ, Րաֆֆի Հովհաննիսյանը նրանց ուղեկցեց նստավայրի մոտ ու Հայաստանի օրհներգը երգեց:

Նրա խոսքով՝ ապրիլի 9-ին կատարելապես ձախողվեց այն նախագիծը, որը ցանկանում էր իրականացներ Րաֆֆի Հովհաննիսյանը, և քաղաքագետի գնահատականով, Րաֆֆի Հովհաննիսյանն իր այդ քայլով ամենաշատը հաստատեց այն պնդումը, որ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարումն արդարացված է:

Պատասխանալով այն հարցին, թե արդյոք դեպի մարում կգնա Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած շարժումը, Սուրենյանցը պատասխանեց, որ իր համար դեռևս մինչև ապրիլի 9-ը նախագահական ընտրությունների թեման փակ էր, իսկ հանրային ընկալման տեսանկյունից ապրիլի 9-ին այդ թեման վերջնականապես փակվեց:

Բանախոսը հավելեց, որ այժմ սկսվել է նոր քաղաքական գործընթաց, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտորեն տեղ ունի և այդ գործընթացը կախված է լինելու այն հանգամանքից, թե քաղաքական սուբյեկտները ինչպիսի կարգավիճակ կունենան այդ գործընթացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում