«Առաքելություն» կուսակցությունը ոչ իշխանական ուժերին միավորվելու կոչ է անում

«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը կոչ է անում ոչ իշխանական ուժերին համագործակցել:

Սուքիասյանը նշեց, որ կուսակցությունը փաստաթուղթ է կազմել, որում առաջիկա ընտրությունների ազատ, արդար թափանցիկ անցկացվելու անհարժեշտությունից ելնելով հանձն է առնում 2-3 օրվա ընթացքում ձեւավորել նախընտրական քարոզչության եւ ընտրությունների օրիանական ընթացքը վերահսկող, ընտրություններին աջակցություն ցուցաբերող եւ խախտումներն արձանագրող միասնական շտաբ:

«Ընտրությունների արդյունքներով Երեւանի քաղաքային ավագանիում համատեղ մեծամասնության կազմելու դեպքում առաջարկում ենք հանդես գալ քաղաքապետի միասնական թեկնածուով: Ընտրությունների կեղծման դեպքում էլ հանդես գալ միասնական եւ համատեղ քաղաքական գնահատականով, այնուհետեւ հրաժարվել ավագանու մանդատներից»,- ասաց նա:

Սուքիասյանի հավաստմամբ’ «Առաքելություն» կուսակցության համար քաղաքական օրակարգի կարեւորագույն հարցը քաղաքապետի միասնական թեկնածու ունենալն է: «Կուսակցությունը նպատակ ունի մաքսիմալ թվով համակիրներ ձեռք բերել: Մենք նպատակ չենք դրել միանգամից հաջողություններ ունենալ»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին, Սուքիասյանն ասաց, որ իրենց կուսակցությունն այդ օրը Բաղրամյան պողոտայում էր: «Հուսով եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում պարզաբանումներ կտա կատարվածի մասին»,- ասաց նա:

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 5-ին: Քաղաքական ուժերը կպայքարեն Երեւանի ավագանու 65 տեղի համար: Ընտրություններում կգործեն 464 ընտրական տեղամասեր 13 ընտրատարածքներում: Քարոզարշավը մեկնարկեց ապրիլի 7-ին եւ կավարտվի մայիսի 3-ին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել «Հայաստանի Հանրապետական», «Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն», Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները և «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում