Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան դաշինք»-ի նախագծին

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գևորգ Պետրոսյանի, Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որը վերաբերում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:

Դրանով առաջարկվում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում լուծել այն հանգամանքը, երբ ձերբակալված կամ կալանավորված անձին ընդունելիս անձի մոտ մարմնական վնասվածքներ է հայտնաբերվում, ապա անհապաղ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն անմիջապես տեղեկացնում է շտապբուժօգնության ծառայություն, որի բուժաշխատող մասնագետն իրականացնում է բուժզննությունը և ամրագրում վնասվածքները: Օրենքի ընդունման արդյունքում բուժզննությունը կիրականացվի անկախ բուժաշխատող մասնագետի կողմից:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարությունը չի կիսում առաջարկը: «Շտապ բժշկական օգնությունն օգտագործվում է շտապ բժշկական դեպքերում, և ոչ թե վերը նշված դեպքերում»,-ասաց նախարարը՝ ավելացնելով, որ վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված մի շարք կարևոր փոփոխություններ են կատարվել: «Շտապ բժշկական օգնությունը համարում ենք ոչ նպատակահարմար. մի կողմից այն ծախսերն է ավելացնելու և, բացի դրանից, մեկ այլ անձ զրկվելու է շտապ բժշկական ծառայությունից, որն, իսկապես, շտապ օգնության կարիք ունի», – ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում