Կանդոկո ներառական պարային խմբի ներկայացումը՝ «ՀայՖեստ» փառատոնում

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը ներկայացնում է Միացյալ Թագավորության Կանդուկո ներառական պարային խմբի «You and I Know» ներկայացումը Երևանի պետական տիկնիկային թատրոնում հոկտեմբերի 8-ին ժամը 6-ին և 9-ին: Մուտքն ազատ է: Այս մասին տեղեկցնում է Panorama.am-ը։

Բրիտանական խորհուրդից հայտնում են, որ առաջատար խորեոգրաֆ Առլեն Ֆիլիպսը, համագործակցելով Կանդուկոյի պարողներ Ջոել Բրաունի և Լաուրա Փեթեյի հետ, ներկայացնում է «You and I Know» պարային ներառական բեմադրությունը:

Ներկայացումը պատմում է սիրո անընկալելի դրսևորումների մասին, երբ կարող ես կրկին ու կրկին սիրահարվել նույն մարդուն: Հանրահայտ երգերի զուգորդմամբ «You and I Know» պարային ներառական ներկայացումը պատմում է զգայական և տարերային սիրո մասին:

«You and I Know» պարային ներառական բեմադրությամբ կամփոփվի «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը:

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնն անցկացվում է 15-րդ անգամ հոկտեմբերի մեկից ութը: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը հյուրընկալել է 20 երկրից ժամանած 250 մասնակիցների:

Կանդուկո ներառական պարային ընկերությունը հիմնադրվել է 1991թ-ին, որի կազմում ընդգրկված են նաև հաշմանդամություն ունեցող պարողներ: Կանդուկոյի պարային բեմադրությունները կոտրում են մարդկային կարողությունների մասին պատկերացումները և արվեստի ուժի միջոցով ստիպում հավատալ մարդկային անսահման հնարավորություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում