Ինչո՞ւ է լռում Րաֆֆին

Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվայից վերադարձից հետո Ազատության հրապարակի հանրահավաքում որեւէ անդրադարձ չկատարեց Մոսկվա կատարած այցելությանը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

«Այցը հայտարարվել էր մասնավոր, ու թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ օդանավակայանում շեշտել էր, որ այն կապ չուներ հետընտրական զարգացումների հետ, այնուամենայնիվ նա Մոսկվա գնալուց առաջ հայտարարել էր, որ գնում է հայ ժողովրդի հաղթանակը բերելու: Եվ բացի դա էլ, Րաֆֆի Հովհաննիսյանը հասուն եւ փորձառու քաղաքական գործիչ է ու հասկանում է, որ անգամ զբոսաշրջային այցը այս իրավիճակում ունի քաղաքական ընդգծված ենթատեքստ, եւ այն առնվազն պետք է համոզիչ կերպով փարատել:

Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ հանդիպումներ ունեցել է «համապատասխան պաշտոնյաների» հետ, ուրեմն ակնհայտ է, որ այստեղ արդեն այցելությունը ստանում է հստակ քաղաքական երանգ: Հետեւաբար, այն պահանջում է հաշվետվողականություն սեփական համակիրների առաջ:

Րաֆֆի Հովհաննիսյանի լռությունն այստեղ կարող է մի քանի պատճառ ունենալ: Կա՛մ նա մոսկովյան հանդիպումների արդյունքում որեւէ ասելիք չունի, այսինքն՝ հանդիպումները որեւէ խոստումնալից կամ էական նշանակություն չեն ունեցել Հովհաննիսյանի եւ նրա հետագա գործունեության համար, կա՛մ այդ հանդիպումները եղել են այնքան ցածր աստիճանակարգով, որ պարզապես անհարմար է դրանց մասին բարձրաձայն հնչեցնել: Չի բացառվում մեկ այլ պատճառ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպումների մասին հաշվետվություն չի ներկայացրել հանրահավաքին, որովհետեւ նախ՝ դեռեւս չի ամփոփել արդյունքները եւ չի ցանկացել հախուռն, ցաքուցրիվ կերպով դրանք ներկայացնել, թեեւ կարծես թե մինչեւ այսօր նա չի խուսափել նման ելույթներից՝ կարեւոր հարցերի վերաբերյալ, կամ էլ նա հանրահավաքի մասնակիցների թիվը եւ ընդհանրապես աուրան բավարար չի համարել մոսկովյան այցելության մասին խոսելու համար՝ որոշելով սպասել առավել հարմար եւ ազդեցիկ ֆորմատի: Ի վերջո, «Ժառանգության» ապրիլի 12-ի հանրահավաքը բավական սակավամարդ էր:

Այսպես, թե այնպես, պետք է փաստել, որ եթե Հայաստանի ներսում ունեցած իր հանդիպումների վերաբերյալ «Ժառանգության» առաջնորդը տալիս էր տեղեկություններ հանրությանը, ապա Մոսկվայի դեպքում նա խուսափում է թափանցիկությունից: Իսկ դա հիմք է տալիս ենթադրել, որ ի թիվս այլ պատճառների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է լռել նաեւ պարզապես Մոսկվայի ցուցումով, ինչն ամենեւին հօգուտ նրա չի խոսում»,- գրում է «Ժամանակը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում