Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Ջոն Մալկովիչը
Նմանատիպ
Արամ Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն այս տարի կբացի Հոլիվուդի լեգենդար դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչը: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 11-ից դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարները փառատոնի շրջանակներում կմասնակցեն հետաքրքիր նախագծերի, որոնց ընթացքում կհնչեն նաեւ պրեմիերաներ: «Ես շատ կուզեմ, որ մարդիկ ոչ միայն տեսնեն, որ լավագույն դերասաններից մեկը՝ Ջոն Մալկովիչը Հայաստանում է, բեմում է մեր նվագախմբի հետ, այլեւ լսեն, թե ինչ է ասում նա»,-ասաց նա:
Համերգին Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր կոմպոզիտորներից մեկի՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։
Փառատոնյան համերգների ընթացքում կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» համերգային նախագիծը: Համերգների ընթացքում հանդես կգան հայտնի դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լեւոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը եւ այլք:
Խաչատրյանական փառատոնի շրջանակներում կլինեն համերգներ նաեւ արտերկրում. Կաունասի ֆիլհարմոնիկ համերգասրահում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի միջազգային մրցույթի այս տարվա դափնեկիրները:
Արամ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության եւ «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ:
Փառատոնն այս տարի նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում