Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցել է Երևանում ռուսական եկեղեցու օծման արարողությանը
Նմանատիպ
Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայրաքաղաք Երևանում ներկա է գտնվել ռուսական Սուրբ Խաչի վերացման եկեղեցու օծման արարողությանը: Եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր 2010 թվականի մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի միասնական աղոթքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
Նորակառույց եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորել են Հայաստանում Ռուս Ուղղափառ Եկեղեցու համայնքների կառավարիչ, Վլադիկովկասի և Ալանիայի Գերաշնորհ Լեոնիդ եպիսկոպոսը և եկեղեցու բարերար Արա Աբրահամյանը:
Ամենայն Հայոց Հայրապետն իր գոհունակությունն է արտահայտել ռուս ժողովրդի հայաստանաբնակ զավակների հոգևոր կյանքում այս նշանակալի իրադարձության առիթով:
«Դեպի երկինք իր գմբեթները պարզած այս տաճարը արտահայտությունն է Հայաստան աշխարհում հոգևոր կյանքի վերազարթոնքի, դրսևորումը հոգևոր-բարոյական արժեքների հանդեպ հավատարմության և վկան հոգևոր կարիքների նկատմամբ հայրենի իշխանությունների ուշադրության:
Յուրաքանչյուր նորակառույց սրբազան տաճար իբրև տուն աղոթքի, իր շուրջը համախմբելով հավատացելոց և կազմակերպելով նրանց ծխական կյանքը, դառնում է նախ և առաջ ջինջ ակունք աստվածային շնորհի և ողորմության, դեպի հավիտենական կյանք և Աստծո արքայություն առաջնորդող մի տերունապարգև ճանապարհ: Եվ որքան առատանում են սրբազան տաճարները մեր կյանքում, այնքան բազմանում է Աստծո ներկայությունը մեզանում` երկնառաք օրհնությամբ, հավատի բարի գործերով և սիրո, համերաշխության ու հանդուրժողականության մշտահունչ պատգամով:
Սիրելիներ, այս եկեղեցին վկայությունն է հայ և ռուս ժողովուրդների բազմադարյա եղբայրության, դավանած ընդհանրական արժեքների, պատմության մեջ համատեղ արձանագրած փառավոր ու դժվարին էջերի և այսօրվա գործակցության: Այն քարակերտ արտահայտությունն է Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Քույր եկեղեցիների սերտ բարեկամության, որի պտուղն են նաև խաղաղության պայմաններում հայոց հողում և Ռուսաստանի տարբեր քաղաքներում բարձրացած այլ եկեղեցիներ և մատուռներ», – ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում