Միասնաբար պետք է կարողանանք հայկական կինոյի համար ապահովել առաջխաղացման նոր շրջան. նախարար

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը չափազանց կարևորում է Կինեմատոգրաֆիստների միության համագումարը, միության նախագահի ընտրությունը:
Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

«Այսօր կառավարությունը կինոյի զարգացման հետ կապված նոր հայեցակարգ է մշակել, նախապատրաստել են «Կինոյի մասին» օրենքի նախագիծ, որն այժմ շրջանառվում է, քննարկվում, ստեղծում ենք կինոյի աջակցության նոր մեխանիզմներ, կինոյի կառույցի նոր կառավարման համակարգ:

Կինոմիությունը մենք դիտարկում ենք որպես կինոարտադրության այդ շղթայի կարևորագույն օղակներից, եթե ոչ ամենակարևոր օղակը»,- համագումարին ունեցած ելույթում ասաց նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով, միասնաբար աշխատելով պետք է կարողանալ հայկական կինոյի համար ապահովել զարգացման, առաջընթացի, առաջխաղացման մի նոր շրջան. «Համոզված եմ, որ միասնաբար աշխատելով կկարողանանք հաղթահարել այդ շրջանը և հայկական կինոն հասցնել մի նոր զարգացման էտապի»:

Ա. Ամիրյանը դիմելով հավաքված կինոգործիչներին՝ խնդրեց ևս մեկ անգամ կարդալ «Կինոյի մասին» օրենքի նախագիծը, առաջարկություններն ուղարկել մշակույթի նախարարություն:

«Լրջորեն մոտեցեք այս խնդրին: Ուզում ենք միասնաբար, օրենքի դաշտում ստեղծել կինոյի զարգացման համար նոր մի շրջան, դա կարող ենք անել միասին, առաձին-առանձին ոչինչ չի ստացվի»,- ասաց նախարարը:

Նշենք, որ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածուները երեքն են՝ ռեժիսորներ Վահե Գևորգյանցը, Հարություն Խաչատրյանը, «Հայաստանի ազգային կինոկենտրոնի» արդեն նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ընտրության մասնակցում է միության 187 անդամից 145-ը: Հայտարարվեց, որ միության 187 անդամից 15-ը գտնվում են արտերկրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում