Ախ ինչ լավ է

Ախ, ինչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անուշ, անուշ,
Անրջային, թեթևասահ
Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա բացվեց թարմ առավոտ,
Վարդն է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ախ, ինչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անուշ, անուշ,
Շվին փչեց հովիվն ահա,
Աղջիկն ու սերն անուշ, անուշ:

Հովհաննես ԹՈՒՄԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում